Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված էքստրասենսի գործով հարցաքննվեց Անի Զախարյանը

Ապրիլ 14,2016 18:02

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:

Հարցաքննվեց այս գործով մեկ այլ վկա` «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը ասաց, որ ճանաչում է ամբաստանյալին:

«Ես նրան Ճանաչում եմ «ֆեյսբուքից», ներկայացել էր որպես «Յանուս» թատրոնի ղեկավար: Ասաց, որ ցանկանում է կուսակցությանն աջակցել ակտիվիստական գործունեությամբ: Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ նա բավականին ակտիվ էր, ներկայացել էր 34 տարեկան: Ես ինքս հոգածությամբ եմ վերաբերում ակտիվիստներին…Նա զանգեց եւ ասաց, որ իրեն շենքի մուտքում սպառնացել են ոչնչացնել, նաեւ նրա ընկերուհուն: Մտածեցի, որ քաղաքական պահեր կան… Հետո հեռուստատեսությամբ տեղեկացա, որ Անի Մաջնունյանին սպանել են: Մուշեղը նրա հետ շփվում էր, մտերմություն անում, գնում-գալիս նրա տուն: Երբ Մուշեղը զանգեց ինձ, ամուսնուս հետ ընթրում էի, ասացի` արի հասկանանք, թե ով է քեզ սպառնում:

Նա ներկայացավ սանրվածքը փոփոխված: Ասաց` «Անիին սպանել են, հաջորդը ես եմ…»:

Պատմեց, որ երեկոյան այնտեղ է եղել, իր մատնահետքերը Անիի տանն են, ուստի իր «գլխին կսարքեն»: Չէր ուզում անգամ տուն գնալ»,-պատմեց Զախարյանը:

Որպես վկա հարցաքննվեց նաեւ սպանված էքստրասենսի մայրը: Տիկին Լորետան ասաց. «Իմ աղջիկը շատ ազնիվ եւ միամիտ անձ էր, ստել չգիտեր, նա իր բոլոր գաղտնիքներն ինձ պատմում էր: Ասում էր, որ մի ռեժիսոր է հայտնվել, որի ֆիլմում պետք է ինքը խաղա եւ ինքն էլ հովանավորելու է ֆիլմը: Ասաց, որ անունը Մխիթար է, որ ասել է, թե ֆիլմը կիսատ է մնացել եւ գումար է պետք: Հետո պարզվեց, որ ոչ մի ֆիլմ էլ չկա, որ նա 20-ամյա խարդախ է եւ փողաշորթ: Ասաց, որ այդ տղան անընդհատ փող է ուզում, ինքն էլ տալիս է, մի անգամ էլ կես միլիոն է տվել: Այդ տղան խլել է իմ ամենասիրելի էակին…Ես իմ երեխային եմ պահանջում, ոնց ուզում եք` արեք»,-արցունքները խեղդելով` նշեց տարեց կինը:

Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց էլ Մաջնունյանի մայրն արտաբերեց. «Եթե հայ երիտասարդը խոշտանգում է հայ կնոջը, թուրքն ինչո՞ւ չպետք է խոշտանգի…»:

Հիշեցնենք, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 21-ին. կշարունակվի այս նիստին չներկայացած վկաների հարցաքննությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930