Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում գործունեության աշխուժացմանը, Հայաստանում իրանական կապիտալի ներգրավման միջոցով արտադրության հիմնման հնարավորություններին, մաքսային ընթացակարգերին, վարչարարության պարզեցմանը: Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունների և ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությունը:
Նախարար Մինասյանը նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական ընկերությունների արտադրանքն իրանական շուկա արտահանելու ուղղությամբ կատարված աշխատանքը, այդ գործընթացի հետագա ընդլայնման համար անհրաժեշտ քայլերը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, կարևորել է վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, համաժողովների ընթացում քննարկված հարցերի ուղղությամբ գործնական կոնկրետ քայլերի իրականացումը, նշելով, որ իրանական կողմը լիովին պատրաստակամ է աջակցելու տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
Կարդացեք նաև
Անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանում նախանշվող ՏՏ ոլորտի և թվային մեդիայի միջազգային ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև, հոկտեմբերի 5-9-ը Թեհրանում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, առանձնացված տաղավարով, Հայաստան Էքսպո հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին առնչվող հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի դարձնել նման հանդիպումները` քննարկված հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն