Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում է ներկայացվել

Ապրիլ 14,2016 17:05

ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին Ավելի վաղ նշել ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժեց վարույթ ընդունել Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ շահառուներ` Երևանի մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով նրանց ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանի վճռաբեկ բողոքը և 16.12.2015թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

04.03.2016թ. փաստաբանը դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ դատական ակտը ուժի մեջ մտնելու նշում կատարելու և կատարողական թերթերի տրամադրման համար:

1. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.

«1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ..:»

Մեկ ամսից ավելի է դատավոր Սիմիզար Հովսեփյանը չի շտապում տրամադրել ուժի մեջ մտած վճիռները և կատարողական թերթերը: Նշված ժամանակահատվածից սկսած փաստաբանը ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ դատավոր Հովսեփյանի օգնականի և գործավարի հետ, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարողացել բացատրել թե ինչումն է խնդիրը, ինչու մինչ օրս մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին չեն տրամադրվում նշված փաստաթղթերը: Նախավերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ մոտ երկու շաբաթ առաջ օգնականը ներողամտություն հայցեց և հաղորդեց, որ դատավորը խնդիր ունի վճիռը «հասկանալու» հետ, սակայն մեզ անպայման կտրվեն նշված փաստաթղթերը: Վճիռը «հասկանալու» համար առաջարկվել է նաև խորհրդակցել Վերքաննիչ դատարանի որոշում կայացնող դատավորների հետ (Ա.Խառատյան, Կ.Հակոբյան, Տ.Նազարյան): Իսկ արդեն վերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ անցյալ շաբաթ, օգնականը փաստաբանին առաջարկեց իր դժգոհությունները փաստաթղթերը չտրամադրելու մասին հայտնել հենց դատավոր Ս.Հովսեփյանին` այցելելով դատարան և դատավորի հետ առանձնազրույց ունենալ դատական նիստերի դահլիճում:

Դատավորի օգնականը նաև չի նշել, որ գործը վերադաս դատարանից չի փոխանցվել, ինչը հերքվում է նաև այն փաստով, որ նրանք խոստացել են տրամադրել կատարողական թերթերը և վճիռը այն ժամանակ, երբ գործը կփոխանցվի:

Փաստաբանի մոտ առաջանում է տրամաբանական հարց՝ ինչ˚ու կամ ինչ˚ի մասին պետք է խոսի դատավորի հետ և ինչ˚ու պետք է սպասի մեկ ամսից ավելի այն պատճառով, որ դատարանը պատշաճ չի կատարում իր պարտականությունները:

Իսկ գուցե դատական ակտն է այնքան խրթին և հակասական գրված, որ անգամ դատարանը չի կարողանում այն հասկանալ և կատարողական թերթ ձևակերպել: Փաստաբանը իր բողոքներում բազմիցս ներկայացրել է այն իրավական և ձևակերպման խնդիրները, որոնք առկա են սույն գործով տարբեր ատյանի դատարանների կայացրած դատական ակտերում, սակայն դրանք անհետևանք են մնացել և անգամ Վճռաբեկ դատարանի ուշադրությանը չեն արժանացել:

Այժմ դատարանն ինքը «գլուխ չի հանում» կայացված դատական ակտից, որպեսզի կարողանա կատարողական թերթ տրամադրել:

Քրիստինա Գևորկյանը ՀՀ Արդարադատության նախարարից և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդից պահանջում է դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և պատասխանատվության ենթարկել իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար և մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների իրավունքների վերականգնում` վճռի կատարումը գործող օրենսդրության շրջանակներում առավելագույն սեղմ ժամկետում ապահովելու համար:

 

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930