Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ Շենգավիթի դատարանում Aravot.am-ի թղթակից Ամի Չիչակյանի աշխատանքը անհիմն սահմանափակելու վերաբերյալ

Ապրիլ 14,2016 16:47

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ապրիլի 13-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փորձ է արվել անհիմն սահմանափակել «Aravot.am» կայքի թղթակից Ամի Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը։ Լրագրողը դատարան էր եկել՝ լուսաբանելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող, տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Վեներա Թորոսյանի գործով դռնբաց դատական նիստը:

Մինչ նիստի սկսելը դատավոր Նելլի Բաղդասարյանը «Aravot.am»-ի լրագրողին տեղեկացրել է, որ Վեներա Թորոսյանը չի ցանկանում, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի: Այնուհետեւ Վեներա Թորոսյանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ դատական նիստն ընդհանրապես լուսաբանվի:

Լրագրողի դիտարկմանը, թե դատական նիստը դռնբաց է, տեղի ունեցածն էլ հանրային հետաքրքրություն է ներկայացնում, դատավոր Նելլի Բաղդասարյանը պատասխանել է, որ իբր առկա է անձի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության խնդիր:

Ամբաստանյալի փաստաբան Արմինե Ֆանյանն էլ սպառնացել է «Aravot.am»-ի լրագրողին, ասելով՝ եթե իր պաշտպանյալի անունը հայտնվի որեւէ հրապարակման մեջ, ապա լրատվամիջոցը խնդիրներ կունենա:

Դատարանը բավարարել է ամբաստանյալի եւ նրա փաստաբանի միջնորդությունը եւ որոշել է արգելել դատական նիստի լուսաբանումը:

Խորհրդակցելով իրավաբանների ու մեդիա փորձագետների հետ՝ Ամի Չիչակյանը, այդուհանդերձ, լուսաբանել է դատական նիստը։

Հաշվի առնելով հարցի հրատապությունը եւ հիշեցնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «Արգելվում է՝ …. որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ» դրույթը, մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

–          Դատավորից՝ չեղյալ համարել որոշումը, քանի որ դռնբաց դատական նիստը ԶԼՄ-ներում լուսաբանել չթույլատրելու ոչ մի իրավական հիմք չկա՝ հատկապես հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունն ու կարեւորությունը,

–          Ամբաստանյալի փաստաբանից՝ ձեռնպահ մնալ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց՝ հաշի առնելով, որ դա պատասխանատվություն է ենթադրում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, եւ ներողություն խնդրել «Aravot.am»-ի թղթակից Ամի Չիչակյանից տեղի ունեցածի համար։

«Aravot.am»-ին եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներին կոչ ենք անում՝ չընկրկել այս եւ նման այլ ապօրինի սահմանափակումների առջեւ, դիմակայել դրանց, հարազատ մնալ մասնագիտական սկզբունքներին եւ լուսաբանել հանրային կարեւորություն ունեցող բոլոր իրադարձությունները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930