Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի «թիթիզությունների» մասին. «Կոպեկներ են, 5-10 մլն դրամի մասին է խոսքը»

Ապրիլ 14,2016 16:21

«ԲՀԿ-ի առաջարկի հետ կապված, որ ID քարտերով գնալ ընտրությունների, մենք սկզբունքորեն որեւէ առարկություն չունենք, սակայն զուտ ֆինանսական խնդիրներ կան այստեղ եւ տեխնիկական կազմակերպման: Առնվազն հաջորդ ԱԺ ընտրությունների ժամանակ մենք սա տեխնիկական պատճառներով չենք կարող ապահովել»,- այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Հարությունյանն այսօր մեկ առ մեկ ներկայացրեց, թե ընդդիմության պահանջներից որոնք են ընդունել, որոնք՝ ոչ ու ինչ են առաջարկել դրա փոխարեն: ԶԼՄ-ների ու դիտորդների 8 հոգու սահմանափակման հետ կապված առաջարկվում է, որ եթե հանկարծ այնպիսի բազմություն է հավաքվում տեղամասում, որը քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտում է, հանձնաժողովի նախագահը կարող է 2/3-ի քվեարկության արդյունքներով սահմանափակել մարդկանց թիվը, բայց այդ թիվը պետք է լինի ոչ պակաս, քան 15:

Aravot.am-ի հարցին՝ տպավորություն է, որ իշխանությունն անընդհատ ինչ-որ «թիթիզ» մեխանիզմներ է առաջարկում՝ գունավոր քվեաթերթիկներ, ինքնասոսնձվող դրոշմանիշներ, կտրած ծրարներ, բայց կարեւոր մեխին չի խփում, օրինակ, նույնականացման քարտերի հետ կապված ասում եք՝ ժամանակ չկա, չենք հասցնի, բայց հանրաքվեից առաջ էլ դա առաջարկվել է, ԱԺ-ում քննարկվել է, այն ժամանակ էլ ասում էիք՝ հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, հիմա անցավ քանի ամիս՝ էլի՞ ասում եք ժամանակ չկա:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ մանր-մունր թղթեր, ինքնասոսնձվող դրոշմներ, այդ «թիթիզությունները» ավելի մեծ ծախս չե՞ն պահանջի, քան միանգամից լուրջ ծախս անել ու վերջացնել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ձեր տպավորությունը նախ սխալ է, լավ չի, որ էդպես է ընկալվում: Մենք փորձել ենք առաջարկել մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտ, ավելի քիչ մարդկանցով վերահսկել մեծ գործընթաց: Այս մեխանիզմով կանխելու են ընտրակեղծարարության տարածված մեթոդները՝ սկսած լցոնումից, վերջացրած կարուսելով: Նույնականացման քարտերը երկրի համար շատ կարեւոր են, բայց իսկապես դրա համար չկա ժամանակ»:

David_Harutyunyan_2Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենց առաջարկած այդ «թիթիզությունները» հիմա քննարկում են դոնորները, թե ինչքանով է հնարավոր դա իրականացնել, եւ նույնականացման քարտերի հետ կապված եկել են այն եզրակացության, որ դա հնարավոր չէ անել հիմա:

Ինչ վերաբերում է հատուկ հաշվառման դրոշմանիշների տպագրությանը,Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ «Սրանք կոպեկներ են իսկապես: 5-10 մլն դրամի մասին է խոսքը ընդամենը՝ ամբողջ երկրի համար տպելը: Թեեւ պատասխանատվությունը տպագրման ԿԸՀ-ինն է, սակայն սա այն է, ինչ կարելի է տպել ցանկացած երկրի պաշտպանված տպարանում եւ կարելի է թույլ տալ, որ դոնորները կազմակերպեն տպելը, որ հայ հասարակությունը մտքից հանի տարածված կասկածները: Եթե որեւէ գյուղում անհետանան դրոշմանիշները, դրանք չեն կարող օգտագործվել այլ տեղամասում, դրանք սպեցիֆիկ են»:

Լեւոն Զուրաբյանը պնդեց, որ գրանցված ընտրողը ստորագրի, ոչ թե սարքը վերցնի նրա մատնահետքը: Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ ստորագրությունը կարող է մեկն այնպես խզբզի, որ ոչ մի մասնագետ չպարզի՝ դա իրե՞նն է, թե՞ ոչ: Իսկ մատնահետքը մնում է մատնահետք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930