Լրահոս
Օրվա լրահոսը

Գունավոր քվեաթերթիկները հանել են, բերել են դրոշմանիշով քվեաթերթիկները

Ապրիլ 14,2016 15:55

Իշխանությունները հրաժարվել են գունավոր քվեաթերթիկներից՝ համարելով, որ դա լավագույն տարբերակը չէ: Այսօր այդ մասին «Ընտրական օրենսգրքի» թեմայով «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ընդ որում, սա միակ փոփոխությունը չէ, որ իշխանությունն անում է արդեն քննարկված նախագծում: Քվեաթերթիկի ծրարները լինելու են հատուկ՝ անկյունը կտրված, որպեսզի ծրարի միջից երեւա քվեաթերթիկը: Քվեաթերթիկի վրա փակցվելու են ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք յուրաքանչյուր տեղամասի համար առանձին են եւ պաշտպանված. «Հանձնաժողովի այն անդամը, ով պատասխանատու է քվեաթերթիկի համար, պետք է վերցնի  մասնակցի կտրոնը եւ դրա դիմաց փակցնի այդ դրոշմանիշը հենց քվեաթերթիկի վրա: Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, այդ է քվեաթերթիկը ոչինչ է՝ սովորական թուղթ»:

Հանձնաժողովի անդամը պետք է կարողանա հիմնավորել, թե քանի դրոշմանիշ ու կտրոն է վերցրել, եթե չկարողացավ համապատասխան չափի ցույց տալ կամ հետ վերադարձնել, գործն անմիջապես հանձնվելու է իրավապահներին. «Եթե մի կտրոն կամ դրոշմանիշ կորցրեց, գործը նույնպես ուղարկվելու է իրավապահ մարմիններ: Իսկ կտրոնը այն փաստաթուղթն է, որը տպում է միայն սարքը, չի լրացվում ձեռքով: Սարքը ճշտում է՝ արդյո՞ք այդ տեղամասի ցուցակում առկա մարդն է եկել եւ արդյոք նա առաջի՞ն անգամ է մասնակցում: Սրանք են այն կարեւոր նորամուծությունները, որ մենք կատարում ենք ընտրական մեխանիզմում եւ վստահ ենք, որ սրանք կմտցնեն էական փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով վերահսկել ողջ գործընթացը»:

David_Harutyunyan_1

 

Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Տեսանկարահանման եւ ուղիղ հեռարձակման առաջարկությունը չընդունելով՝ առաջարկում ենք միջանկյալ լուծում: Եթե որեւէ մի դոնոր կազմակերպություն պատրաստ լինի հատկացնել գումարր՝ պետությունը պատրաստ է կազմակերպել գնում որեւէ կազմակերպությունից, որի վրա դրվում է  պատասխանատվություն տեսանկարահանածը տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին: Ստորագրած ցուցակների հրապարակման հետ կապված առաջարկում ենք հետեւյալը՝ քանի որ սարքերում պարունակվում է ողջ ինֆորմացիան, թե ով է մասնակցել քվեարկությանը, ապա քվեարկության հաջորդ օրը եթե վստահված անձինք կամ դիտորդները դիմում գրեն ընտրական հանձնաժողովին, ապա նրանց կտրամադրվի, տեղամաս առ տեղամաս ոչ պաշտոնական փաստաթղթի վրա կտպվի, թե որ համարներն են մասնակցել քվեարկությանը, իսկ քանի որ ընտրացուցակները հնարավոր է ներբեռնել ինտերնետից, դա նշանակում է, որ այդ ցուցակները հասանելի կլինեն յուրաքանչյուրին: Ցուցակների մաքրման հետ կապված առաջարկում էին, որ իշխանությունը, ընդդիմությունը եւ քաղհասարակությունը մաքրեն ցուցակները, ստուգեն: Մենք առաջարկում ենք, որ ցանկացած շահագրգիռ կողմ՝ ընդդիմադիր կուսակցություն, թող ներկայացնեն ցուցակն ինչպես իրենք են պատկերացնում, ում կասկածում են, որ կարող են բացակայել երկրից, թող նրանց համար առանձին սյունյակ անեն, որ վստահված անձինք առավել ուշադիր լինեն»:

Մատների թանաքոտման պահանջը իշխանությունը չի ընդունել, բայց առաջարկում է, որ  էլեկտրոնային գրանցման սարքի մեջ մատնահետք թողեն, որը կհավաքվի մեկ կենտրոնական սերվերի մեջ, սերվերը սկսում է համեմատել՝ կա՞ն երկու ընտրող, որոնց մատնահետքերը համընկնում են, եթե համընկնում են՝ տեղեկատվություն կտպվի. «Զինվորականների էլեկտրոնային ցուցակ չի լինելու, դա գաղտնի է, բայց քանի որ նպատակ ունենք փարատելու կասկածը, որ զինվորականը 2 անգամ չի մասնակցում քվեարկությանը, նրանք եւս  մատնահետքերը կթողնեն, որոնք ընդհանուր բազմության մեջ կհամեմատվեն՝ կա՞ կրկնություն, թե՞ ոչ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930