Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան տեսել է` ինչպես է Անի Մաջնունյանն արնաքամ լինում

Ապրիլ 14,2016 15:49

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:

Հիշեցնենք` «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության` նա 2015 օգոստոսի 4-ին այցելել է Մաջնունյանի բնակարան, ննջասենյակում հարձակվել նրա վրա եւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան` ընդհանուր առմամբ պատճառելով 59 վնասվածք:

Ամբաստանյալն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Հարցաքննվեց գործով վկաներից մեկը: Աղջիկը պատմեց, որ Մուշեղի հետ ծանոթացել է մշակութային կենտրոնում, որտեղ միասին են սովորել եւ այդ ժամանակահատվածում նրանց հարաբերությունները նորմալ են եղել, ամբաստանյալը եւս հաստատեց դա: Վկան պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքները ճիշտ են:

«2015թ. օգոստոսի չորսին Մուշեղը զանգահարել է ինձ, որպեսզի հանդիպենք: Հանդիպել ենք Մայիսի 9-ի փողոցում, եւ նա տեղեկացրեց ինձ մտադրությունների մասին, որ մտադիր է ազատվել իր սիրուհիներից մեկից, եւ ես պետք է գնամ իր հետ: Ասացի, որ դա խելքին մոտ չէ: Իր ձեռքին տոպրակ կար` մեջը գրտնակ եւ դանակ: Դա ես հետո տեսա: Ասաց, որ ուզում է ազատվել այդ կնոջից` սպանել նրան ու պահանջեց, որ գնամ տանից հացի դանակ վերցնեմ: Ասաց, որ հակառակ դեպքում այդ տոպրակով իմ տուն կգա: Վերցրեցի դանակը, ավտոբուսով գնացինք «Կվարտալ» թաղամաս: Նա ասաց, որ պետք է դեղատուն մտնենք, եւ ես երկու զույգ ձեռնոցներ գնեմ:

Գնացինք Մաջնունյանի շենքի բակ: Ասացի, որ չեմ բարձրանա: Ասաց` ուրեմն այստեղ մնա: Տոպրակը դրել էր իմ պայուսակի մեջ ու չվերցրեց, ոչ էլ դանակը: Մտածեցի, որ ոչինչ չի անի, որովհետեւ այդ ամենը ինձ մոտ էր գտնվում: Ընթացքում ինձ զանգահարում էր եւ հարցնում` արդյոք այդտեղ եմ: Ասում էր, որ չգնամ: Դրսում ցուրտ էր, ասացի, որ գնում եմ, բայց էլի սպառնաց: Ասաց` բարձրացի վերեւ, բարձրացա շենքի վերջին հարկ, աստիճաններին նստեցի եւ սպասեցի: Դուռը բացվեց, ինձ քաշելով` դռանը մոտ տարավ, կամաց ասեց` «արել եմ»:

Քաշելով ձեռքիցս` բնակարան մտցրեց, ձայներ լսեցի: Գլուխս թեքեցի ձայնի ուղղությամբ: Գետնին ընկած-նստած դիրքով, գլուխը ետ գցած, Անին էր` արնաքամ էր լինում, ձայներ էր հանում: Դուրս վազեցի…

Նա հասավ ինձ, ասեց, որ բերանս փակ պահեմ, այլապես նույն բանը ինձ հետ կարող է լինել: Ասաց, որ հինգ րոպեից կգա: Վերադարձավ, որ համոզվի` ես այդտեղ եմ, թե ոչ:

Կրկին գնաց ու հետ եկավ, ձեռքիցս քաշելով տարավ շենքի բակ… վերցրեց շալս, եւ բարձրացավ վերեւ: Մոտ քսան րոպեից եկավ` իմ շալը թաց էր, կապեց այն իր շապիկին, որովհետեւ մեջքի ետեւում արյան կաթիլներ կային:

Տաքսիով գնացինք Մասիվ, որտեղ իր բնակարանն է: Շենքի մոտ իջանք, քայլելով գնացինք բնակարան… Հարեւանին կանչեց, հնարեց, թե մեզ շենքի միջանցքում ահաբեկել են: Նա ուժասպառ էր, հարեւանին խնդրեց իմ հետ մնա եւ բազմոցին քնեց:

Առավոտյան ութի սահմաններում հարեւանը նրան արթնացրեց: Զանգեց թերթի խմբագրություն, ահաբեկելու մասին պատմությունը պատմեց, «Ֆեյսբուքից» նամակ ուղարկեց Մաջնունյանի էջին, թե ինչու զանգերիս չես պատասխանում, անհանգիստ եմ: Գրտնակն ու մնացած բաները դրեց հեռուստացույցի տակի դարակում…

Տանից դուրս եկանք, սուպերմարկետից վերնաշապիկ գնեց, ավտոբուսով Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում իջանք… Զանգեց իր ծանոթին` Արամին, կատարվածի մասին պատմեց` չնշելով, թե ում է սպանել: Հարցրեց, թե ինչպես կարող է ազատվել հետքերից: Արամը խուսափում էր պատասխաններ տալուց…

Խարբերդի գերեզմանների ճանապարհին տաքսին կանգնեցրեց, բենզին գնեց կես լիտր, գերեզմանատանը ամայի տարածք էր ման տալիս: Իր շորերը, շալս լցրեց մի տեղում, վրան բենզին լցրեց եւ այրեց…»,-ասաց վկան:

Նա նշեց, որ Մուշեղը սպառնացել է, թե իր մայրիկին կասի իր եւ իր նախկին ընկերոջ սեռական հարաբերությունների մասին, այդ պատճառով էլ վկան վախի եւ սպառնալիքի ազդեցության ներքո ենթարկվել է նրան:

Վկան տեղեկացրեց, որ դեպքից հետո հանդիպել է իր ընկերներից մեկին եւ պատմել կատարվածը, խորհուրդ հարցրել. «Զրույցից հետո եկա եզրահանգման եւ զանգեցի ոստիկանություն»:

Դատախազի տեղակալի` վկային ուղղված հարցերի ժամանակ պարզվեց, որ վկան իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել ամբաստանյալի հետ. «Դա շանտաժ էր: Մոտ տասը անգամ է դա տեղի ունեցել»:

Այս գործով հարցաքննվող այլ վկաներ էլ կան:

Լուսանկարը` նախկին դատավարությունից: Այս նիստին դատարանը լրագրողներին թույլատրեց միայն ձայնագրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եթե ամբաստանյալը նման քանակի և բովանդակության հեռախոսային խոսակցություններ է ունեցել, ապա ի՞նչն էր (է) խանգարում քննությունն իրականացնող մարմնին և դատարանին վերցնել դրանք օպերատորներից, կցել գործին որպես իրեղեն ապացույց և ի վերջո հրապարակել դրանք դռնբաց դատական նիստում:
    Ներկայացված խուճուճ պատմությունն ինձ ոչ միայն արժանահավատ չի թվում, այլ նույնիսկ նման է այսպես ասած՝ ՛՛գլխին սարքելուն՛՛:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930