Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Հայերը գիտեն, որ կարողացել են հարցերին լուծում տալ միայն իրենք իրենց վրա հույս դնելով» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2016 15:39

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողություններին:

Դեսպանն այսօր մասնակցում էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքների վերաբերյալ քննարկմանը:

Aravot.am-ի այն հարցին՝ թե ինչ գնահատական կտա դեսպանը Ադրբեջանի հարձակողական քաղաքականության մասին, Եվրախորհրդարանում էլ արդեն քննարկվել է  Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական իրավիճակը, Սվիտալսկին ասաց, որ այս թեմայով ինքը պատրաստ է խոսել այլ առիթով:

Հարցին էլ՝ որքանով է վտանգված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը ռազմական գործողությունների պարագայում, դեսպանն ասաց. «Պատերազմը վատ է ցանկացած երկրի համար: Մենք լիահույս ենք, եւ այս ծրագիրը նույնպես ձեւավորվել է այն ընկալումով, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելու է խաղաղ դաշտ: Եթե խաղաղությունը հաստատվի եւ մենք ունենանք այս հակամարտության լավ լուծում, ապա Հայաստանը կշահի»:

Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե խաղաղությունը չհաստատվի, ի՞նչ քայլեր կձեռնարկեն, Սվիտալսկին ասաց. «Մենք կարող ենք տարբեր սցենարների մասին խոսել այլ պայմաններում: Եկեք հույս ունենանք, որ մենք կկարողանանք խուսափել հետագայում նման պատերազմական իրավիճակներից, էսկալացիայից կարողանանք խուսափել, եւ բոլոր կողմերին կտեսնենք սեղանի շուրջ բանակցելիս: Հակամարտության կարգավորման ասպեկտներից մեկը պետք է լինի սերտ աշխատանքը հասարակական կազմակերպությունների հետ: Հայաստանն ու Ադրբեջանը կարիք ունեն հաստատելու ուղիղ կոնտակտ իրենց երկրների հ/կ-ների միջեւ եւ կարգավորելու այդ հարցը: ԵՄ-ն ֆինանսավորում է երկու երկրների հ/կ-ներին, որը ճիշտ պլատֆորմ է այս երկխոսությունը ստեղծելու համար: 1995 թվականից հետո ԵՄ հաջողության գրավականը հենց հաշտության մասին երկխոսության վրա էր հիմնված»:

Հարցին էլ՝ դեսպանը ծրագրի մասին խոսելիս նշեց, որ հայերի ԴՆԹ կոդի մեջ է դրված, որ իրենց հույսը պիտի դնեն իրենց վրա, արդյոք սա միայն քաղաքացիական հասարակությա՞նն է վերաբերում, թե նաեւ քաղաքական իմաստով էր ասված, Սվիտալսկին ասաց. «Ես կարծում եմ հայերն իրենք իրենց սեփական փորձով գիտեն, որ դարեր ի վեր կարողացել են հարցերին լուծում տալ միայն իրենք իրենց վրա հույս դնելով: Նրանք պետք է իրենց սեփական կազմակերպությունները ձեւավորեին եւ այն հայերը, որոնք սփյուռքում են, սփյուռքահայերը լավ գիտեն, որ իրենց մշակույթը պահպանելու համար պետք է իրենք իրենց կազմակերպեն, նրանք պետք է ձեւավորեին ու ստեղծեին մշակութային կազմակերպություններ, դպրոցներ, ինքնություն, եւ դա է մեծագույն տարբերությունը հայերի ու շատ այլ ազգերի միջեւ: Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ ինքնակազմակերպումը հայերի համար բնական բնազդ է: Եվ միայն մնում է նրանց տրամադրել անհրաժեշտ գործիքներ, այսինքն՝ լավ օրենք ստեղծել, ֆինանսավորում տրամադրել եւ արդարադատության մատչելիություն տրամադրել: Եվ կարծում եմ, որ շատ ու շատ հարցեր, որոնց բախվում է Հայաստանը, կարող են քաղաքացիական հասարակության միջոցով լուծվել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ Եվրախորհրդարանում հայտարարություն եղավ, որ ԵՄ-ն ավելացնելու է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ, ի՞նչ քայլեր են արվելու, կա՞ն կոնկրետ գործողություններ, Սվիտալսկին կրկին խուսափեց հստակ պատասխան տալ, եւ միայն ասաց, որ ինքը հաստատում է, որ ԵՄ-ն շատ հետաքրքրված է այս հակամարտության հանգուցալուծման գործով.«Մենք վստահ ենք, որ դա կօգնի Հայաստանի զարգացմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930