Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարբաեւ-Էրդողան գրկախառնությունից հետո Հառիճում պոկել են Նազարբաեւի անունը կրող փողոցի ցուցանակը (Ֆոտոշարք)

Ապրիլ 14,2016 15:08

Դեռեւս նախորդ տարի Շիրակի մարզի Հառիճ գյուղի վանական համալիրում կազմակերպված հոգևոր երաժշտության փառատոնին մասնակցելիս՝ նկատեցինք, որ այստեղ կա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան փողոց: Ու քանի որ գյուղերի փողոցները, ընդունված կանոնակարգի համաձայն, համարակալվում են, չկա իրավունք անուններ դնելու, գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանից հետաքրքրվեցինք, թե հայերին ցուցաբերած ո՞ր մի լավ վերաբերմունքի համար է փողոցը անվանակոչվել Նազարբաևի անվան:

Գյուղապետն այդ ժամանակ անկեղծորեն ասաց, որ շահամոլությունն է դրդել. անվանակոչել են, որպեսզի ղազախները գյուղին մի քիչ օգուտ տան: Նույնիսկ կատակեց, թե. «Թող գյուղին օգուտ լինի, մի լավ բան լինի իմ գյուղի համար, եթե տեսանք, որ բան չի լինում, Նազարբաևը կդարձնենք Նազարեթյան, ի՞նչ է եղել»:

Նա միաժամանակ պարզաբանեց, որ իրենք ղազախների հետ սկսել են համագործակցել Արթիկի տարածաշրջանի նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի շնորհիվ, որի՝ Ղազախստանում բնակվող եղբայրը սերտ կապեր ունի Նազարբաևի հետ:

Հառիճը, ըստ գյուղապետի, 1400-1947 թվականներին կոչվել է Ղփչաղ, ղազախներն էլ, ղփչաղցիներին համարելով իրենց ցեղակից, եկել, բարեկամացել են իրենց հետ, վերանորոգել են գյուղի մանկապարտեզը, գրադարան են բացել ու այսպես սկսվել է համագործակցությունը:

Ի դեպ, այդ փողոցը ասֆալտապատվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Նկատենք, որ այս թեմայով մեր հրապարակումները բավական ծանր էր տարել ՀՀ-ում Ղազախստանի նախկին դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Վերջինս, այցելելով Գյումրի, նախ իր դժգոհությունը հայտնեց մեզ, այնուհետ շտապեց բողոք ներկայացնել Aravot.am-ի դեմ Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանին, որն էլ իր հերթին հասկացրել էր դեսպանին, որ Հայաստանում լրատվամիջոցներն անկախ են, պաշտոնյան չի կարող հրահանգներ տալ՝ թե սա գրի, սա մի գրի:

Nazarbaev_poxoc-3 Nazarbaev_poxoc Nazarbaev_poxoc-2

Իսկ այս օրերին, երբ Էրդողանն ու Նազարբաեւը գրկախառնվում են Թուրքիայում, իրար ձեռք բռնած ման գալիս՝ ի ցույց աշխարհի, Կոմիտաս Վարդապետ ու Ավետիք Իսահակյան կրթած հառիճցիները պոկում են Նազարբաեւի անունը կրող ցուցանակը՝ այսպես արտահայտելով իրենց վրդովմունքը:

Իհարկե, գյուղում 3 տեղ պահպանվել են ցուցանակները, սակայն կարծում ենք, որ դա էլ իրենց հերթին կհեռացնի Շիրակի դաշնակցական իշխանությունը՝ հղում տալով օրենքին, որ գյուղական փողոցները համարակալվում են: Ի վերջո, Հառիճը տուրիստական կենտրոն է, տարբեր անկյուններից գալիս են պատմական այս վայրը տեսնելու ու ճիշտ ժամանակն է՝ փողոցները հայրենիքի համար կյանք տված մերօրյա հերոսների անուններով անվանակոչելու:

Ի դեպ, 2015 թվականի ապրիլի 10-ին ղազախները իրենց երկիրը շենացրած, Ղազախստանի նախկին ղեկավար Լեւոն Միրզոյանի անունը կրող Աստանայի կենտրոնական պողոտան անվանափոխեցին՝ դարձնելով Ղազախստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահ Քանիշ Սատպաևի անունով:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համոզմամբ, Նազարբաեւն այս անվանափոխությունը կատարեց Բաքվից ստացած պատվերով. մինչև Ղազախստանի ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնելը, Լեւոն Միրզոյանը 1926-29 թթ. եղել է Ադրբեջանի ԿԿ Առաջին քարտուղարը, իսկ հայի կողմից 3 տարի շարունակ Ադրբեջանը ղեկավարելու փաստը ծանր է տարել Իլհամ Ալիևը, որը որոշել էր հետմահու պայքարել Լեւոն Միրզոյանի դեմ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Նազարբաեւի անունը կրող փողոցի պոկված ցուցանակի լուսանկարը՝ լրագրող Արմենուհի Մխոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Զզվանքս եկավ կարդալուց: Խի պիտի հայկական որեւէ բնակավայրում Նազարբաաեւի անունով փողոց լինի, որ մի հատ էլ նեղվենք…օգնություն էի՞ք ուզում… ստացա՞ք… շահածախված մուրացկաններ….

  2. Տիգրան says:

    Ի դեպ, այդ փողոցը ասֆալտապատվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:

    «Թող գյուղին օգուտ լինի, մի լավ բան լինի իմ գյուղի համար, եթե տեսանք, որ բան չի լինում,
    Նազարբաևը կդարձնենք Նազարեթյան, ի՞նչ է եղել»:

    Նա միաժամանակ պարզաբանեց, որ իրենք ղազախների հետ սկսել են համագործակցել Արթիկի տարածաշրջանի նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի շնորհիվ, որի՝ Ղազախստանում բնակվող եղբայրը սերտ կապեր ունի Նազարբաևի հետ:

    հասկանում ե՞ք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930