Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Հայաստանին պատկերացնում էր թուլացած, բայց իրականությունն այլ էր». Վահե Էնֆիաջյան

Ապրիլ 14,2016 14:51

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի համոզմամբ, դեռ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները ռազմահունչ հայտարարություններ էին անում, հայկական կողմը պետք է համապատասխան գործողություններ իրականացներ:

«Ադրբեջանը կուտակել էր մեծ քանակի զինուժ, ռազմական տեխնիկա ու Հայաստանին պատկերացնում էին թուլացած, բայց իրականությունն այլ էր: Նրանք հանդիպեցին հայկական կողմի դիմադրությանը, համազգային համախմբմանը»,- այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց պատգամավորը:

Նա քննադատեց կառավարությանը, որ մի քանի հազար դոլարանոց բիոզուգարաններ գնեցին, որոնց երեսը մինչ օրս ոչ մեկն այդպես էլ չտեսավ, մինչդեռ կարելի էր այդ գումարներն ուղղել նոր սպառազինության ձեռքբերմանը. «Այդ բիոզուգարանները մեր կենսական խնդիրները չեն լուծում: Հայաստանում մոտեցումների, ներքին տնտեսական իրավիճակի արդյունավետությունը բարձրացնելու առումով անելիքներ ունենք»:

Անդրադառնալով քննադատություններին, թե հայկական կողմի հետախուզությունը թույլ էր, մինչդեռ պետք է նախապես պարզած լինեին ադրբեջանական կողմի նմանատիպ հարձակումը՝ պատգամավորն ասաց, որ Արցախում իրեն ասել են, որ շփման գծում զինուժի տեղափոխություն է եղել ու անհնար էր ֆիքսել հարձակման կոնկրետ օր. «Փաստերն արձանագրվել են, բայց որ ադրբեջանական կողմը իրեն թույլ կտա նման գործողություն, չեն սպասել:

Ադրբեջանական կողմը դիվանագիտական հարթակում իր համար ցանկալի արդյունքը չկարողացավ ապահովել, ղարաբաղյան հարցում ձախողեցին այն խնդիրները, որոնք իրենց համար ծրագիր էին ձեւակերպել: Այլ ճանապարհ չէր մնում, քան ռազմական ճանապարհի անցնելը»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման բանակցային փուլին, որը, ըստ որոշ քաղաքական գործիչների, մադրիդյան սկզբունքներին համապատասխան պետք է լինի, պատգամավորն ասաց. «Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Ինչ որոշում էլ կայացվի, այդ համատեքստում պետք է լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930