Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական վարույթը կասեցվեց: Դատարանը սպասում է ՍԴ որոշմանը

Ապրիլ 14,2016 14:47

ՀՀ վարչական դատարանում կասեցվեց ՀՀ ոստիկանության հայցն` ընդդեմ վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի։ Վարույթը կասեցվեց, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանում է գտնվում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը` վիճարկվելով դրա սահմանադրականությունը: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանի դեմ հայց է ներկայացրել հենց այս հոդվածով:

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 15-ին Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել, քանի որ ոստիկանները ենթադրել են, որ նա կարող է փակել ՀՀ դատախազության շենքի մուտքը։ Նշենք, որ այսօրվա նիստում դատարանին ներկայացվեց մի գրություն, որով ՀՀ դատախազությունը հաստատում է, որ այդ շենքն ունի երկու մուտք, ուստի դիտավորության պարագայում անգամ Արգիշտի Կիվիրյանը, եթե փակեր էլ ՀՀ դատախազության մեկ մուտքը, ապա քաղաքացիները կարող էին ելումուտ անել մյուս մուտքից:

Aravot.am-ը Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանից հետաքրքրվեց` այդ դրույթը իրո՞ք պետք է հակասահմանադրական ճանաչել: Փաստաբանը պատասխանեց. «Եթե հակասահմանադրական էլ չճանաչվի, միևնույն է, սահմանադրական դատարանն իր դիրքորոշումը կարտահայտի դրա կիրառման վերաբերյալ: Դա ևս նշանակություն ունի, թե ինչպիսի պայմաններում ու չափորոշիչներ պիտի լինեն այդ դրույթի կիրառման դեպքում: Կարևորում եմ ՍԴ որոշումը. դա կարտահայտի այնպիսի դիրքորոշում, որը պարտադիր կլինի նաև դատարանների համար»:

Մեր դիտարկմանը` տասնյակ գործեր կան դատարաններում հարուցված քաղաքացիական ակտիվիստների դեմ`182-րդ հոդվածով, արդյոք այս դրույթը ոստիկանությունը որպես գործիք չի՞ օգտագործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը սահմանափակելու համար, պարոն Կիվիրյանը պատասխանեց. «Ոստիկանությունը փորձում է այդ հոդվածի շուքի տակ անցկացնել իրենց ապօրինությունները: Իրականում անհրաժեշտություն կա, որ հստակ դիրքորոշում արտահայտվի այդ դրույթի սահմանադրականության վերաբերյալ: Եթե հաստատվի, որ այդ դրույթը համապատասխանում է սահմանադրությանը, ապա դրա կիրառման վերաբերյալ դիրքորոշում պիտի արտահայտվի, քանի որ ոստիկանությունն ինքը, կիրառելով այս հոդվածը, տարբեր մեկնաբանություններ է կատարում, որոնք այդքան էլ իրավաչափ չեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930