Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է անում`չենթարկվել ու առաջ գնալ (Տեսանյութ)

Ապրիլ 14,2016 14:33

Ապրիլյան պատերազմը հուշում է, որ պետք է ուղղենք 1994-ին կատարած սխալը`կնքված զինադադարը: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասում է, որ իրեն ուրախացնում է փաստը, որ այդ կարծիքն այսօր նաեւ հայ մայրերն են բարձրաձայնում: «Դժբախտաբար, այդ օրերի քաղաքական ղեկավարությունը սխալվեց եւ այսօր մենք դրա պտուղներն ենք քաղում: Ապրիլի 2-ը եկավ մեզ հուշելու եւ առիթ տալու այդ կիսատ թողած գործը կյանքի կոչելու: Ամեն օր, որ ուշացնում ենք, հակառակորդին ծնկի բերելու ծրագիրն ուշացնելուց, հաջորդ օրը մեզ համար ավելի դժվար է լինելու»,- ասում է արցախյան հերոսամարտի զինվորը:

Այն, որ հյուսիսային կողմից, հրադադարից ի վեր, հակառակորդն առաջին անգամն է Շահումյանի շրջանի հատվածից հարձակում գործել Թալիշի վրա, Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, այդպիսով հստակ հուշել է` Շահումյանը պետք է ազատագրել: «Ի՞նչն էր խանգարում, այդ ուղղությամբ մենք էլ հարձակման անցնեինք: Պարզ է, ինչն էր խանգարում: Բոլորս գիտենք`մի հոգի է խանգարողը (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին-Ն. Գ): Ու այդ մի հոգու պատճառով կորուստ-կորուստի ետեւից ենք ունենում: Ոչ միայն Շահումյանը չենք ազատագրում, նույնիսկ չենք համարձակվում ապրիլմեկյան դիրքերը վերականգնել: Սրա ամենամեծ վնասը մեր մարտունակ ոգուն ուղղված հարվածն է»:

Խնդիրը Ժիրայր Սեֆիլյանը «գլխավոր խանին» հեռացնելը չի համարում, այլ երկրի զարգացումը, պաշտպանությունը, քանզի այս իրավիճակն այսպես հնարավոր չէ շարունակել: «Ես այն կարծիքին չեմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով պետք է համախմբվել ոչ ադեկվատ անհատի շուրջ: Համախմբվելով ոչ ադեկվատ անհատի շուրջ` մենք ամբողջ մեր երկիրը կործանման ենք տանում: Լուծումը պիտի լինի համազգային ներուժի մեկտեղմամբ: Սակայն, այդ խնդիրը լուծելու համար վստահելի իշխանություն, կառավարություն է պետք: Մինչեւ այն ժամանակ, որ մեզ չի հաջողվել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ստեղծել, մեզ չի հաջողվելու համազգային մոբիլիզացիա անել: Ուստի չի հաջողվելու ոչ հակառակորդին ծնկի բերելու, ոչ էլ մեր պաշտպանությունը կազմակերպելու, ոչ էլ հաջողվելու է մեր երկիրը զարգացնելու, ոչ էլ երկրում իշխանությունը պահպանելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանն` Aravot.am-ի հարցին ի պատասխան էլ հավելելով, որ սա է իր պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասով էլ հավելեց. «Նա անմասն չի այս տարիներին մեր երկրում կատարված հանցագործություններից, որի պտուղներն այս տարիներին մենք քաղում ենք: Չպետք է տարանջատել Քոչարյանին Սերժ Սարգսյանից»:

Հայության գլխավոր օրակարգը նա այսօր համարում է ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը, որը նոր պահանջ չէ. «Սակայն, այս դեպքերը ստեղծել են այնպիսի մի վիճակ, գուցե Սերժը հասկանա՞, որ շատ ավելի լավ կլիներ, որ ինքը կամովին նախաձեռներ վստահելի կառավարության ձեւավորումը եւ իր հեռացումը: Շատ ավելի լավ կլիներ, որ այսօրվանից ինքը նախաձեռներ այդ գործընթացը: Օրերի խնդիր է մնացել, հայ ժողովուրդը պոռթկալու է: Այնպես չլինի, որ հայ ժողովուրդը պոռթկա եւ այդ պոռթկման արդյունքում լինի այդ փոփոխությունն ու ինչ-որ ցնցումներով լինի: Ինչպես որ մեր երիտասարդներն իրենց արիությամբ մեզ զարմացրին առաջին գծում, մեր ժողովուրդն իր արիությամբ մեզ եւ աշխարհին թիկունքում է զարմացնելու»:

Սպառազինության անհամաչափության դեպքում ճի՞շտ է այժմ խոսել անհապաղ ռազմի դաշտ գնալու եւ կորցրած տարածքները ետ բերելու մասին`հարցին էլ բանախոսն այսպես արձագանքեց. «Մեր քանակով եւ զինվածությամբ մենք այսօր հնարավորություն ունենք հակառակորդին ծնկի բերելու: Ամեն օր ուշացնելը ի օգուտ մեզ չի: Սպառազինությունը, հավասարակշռությունը խախտված է ու դրա գլխավոր պատճառը «Սմերչները» կամ «T-90»-ի քանակը չէ, այլ անօդաչուներն են: Ու հենց նաեւ այդ պատճառով է, որ մենք շատ շուտ պիտի ճեղքենք եւ առաջ գնանք, քանի որ նաեւ ռազմական իմաստով, հակառակորդը լիարժեք չի կարողանալու օգտագործել: Լավ մասնագետներ, լավ սպառազինություն ունի, բայց չունի լավ բանակ: Հակառակորդը գալիս ոչ միայն սպանում է, այլ նաեւ գլխատում է: Չե՞ք հասկանում`ի՞նչ պետք է անենք մենք: Մինչեւ ե՞րբ կարելի է խոնարհվել: Պատերազմից պետք չէ վախենալ: Գլխավոր վախկոտի պատճառով ընկել ենք այս օրը: Մեր բանակը համապատասխան հրաման չստանալով, այսօր չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը: Բանակին կոչ եմ անում`պահը եկել է`չենթարկվելու պարտվողական հրամաններին, պահը եկել է նախաձեռնելու եւ կատարված փաստի առաջ դնելու «գերագույն գլխավոր» հրամանատարին: 1992-94-ին բազմաթիվ դեպքեր են եղել, որ դաշտային հրամանատարներն են ստեղծել այդ վիճակը: Հիմա նույնը պետք է լինի: Բանակը ինքը պետք է լինի թելադրողը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930