Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Գերագույն գլխավոր» հրամանատարը վախենում է մոբիլիզացիա հայտարարել»

Ապրիլ 14,2016 13:42

«Ապրիլի 2-5-ի դեպքերի ժամանակ հակասական ապրումներ ենք ունեցել`եւ վիշտ ապրեցինք եւ հպարտություն»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմի մասին, ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

«Վերջին տարիներին հուսալքված մթնոլորտ էր, բայց մեր երիտասարդները հակառակը ապացուցեցին: Այս սեղմ ժամկետներում այնքան հերոսական դրվագներ եղան, որոնց մասին դեռ տարիներ կխոսենք»,- ասաց նա:

Արցախյան պատերազմի սերնդի ներկայացուցիչն արձանագրում է` երիտասարդներն իրենց գերազանցեցին` տասնապատիկ ավելի քանակով հակառակորդին դիմագրավեցին. «Փամփուշտները սպառվեցին, բայց երիտասարդներն իրենց դիրքերը չլքեցին: Բոլորս էլ խոնարհում ենք մեր գլուխները նահատակ եւ կենդանի հերոսների առաջ: Մեր հետագա քաղաքական գործունեությունը պետք է միտված լինի այս ամենն իմաստավորելուն»:

Ապրիլի 2-ի հարձակումը Ժիրայր Սեֆիլյանը համարում է նախորդ երկու տարիների իրադարձությունների շարունակությունը, երբ հակառակորդը եւ որակապես, եւ քանակապես ուժեղացնում էր իր ճնշումները. «Մնացել է, որ հակառակորդը միայն օդուժ կիրառի: Բայց ապրիլի 2-ը Արցախը գրավելու գործողություն չէր: Զինադադարի խախտումներն, այսուհետ, լինելու են այս մասշտաբի եւ այս կարգի: Հեռանկարային իմաստով սա ի վնաս մեզ է`մարտավարություն է ընտրված հյուծել ու մաշեցնել մեզ ֆիզիկապես եւ բարոյապես: Դրան նպաստում է նաեւ մեր ապիկար իշխանությունների պահվածքը»:

Դժբախտաբար, հակառակորդը մասնակի հաջողություններ ունի հյուսիսային հատվածներում եւ, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, եթե մեր բանակի մարտունակությունը չլիներ, Թալիշը իրենց ձեռքն պետք է լիներ, Մատաղիսն էլ չեզոք վիճակում:

Այս հարձակմամբ, սակայն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, հակառակորդին, այդուհանդերձ, հաջողվեց «մեծ վնաս» հասցնել մեզ: Զոհերի հրապարակված թիվն է շատ մեծ: Նա արձանագրում է, որ անգամ արցախյան պատերազմի թեժ օրերին մեկ-երկու օրում այդքան զոհ չենք ունեցել:

Ապա` ճեղքելով «անառիկ բերդի համբավ ձեռք բերած մեր դիրքերը», Ժիրայր Սեֆիլյանը փաստում է, որ հակառակորդը նաեւ հոգեբանական մեծ վնաս է հասցրել եւ զինվորին, եւ ժողովրդին: Ըստ նրա, այս իրավիճակում, առաջին գծում կանգնած, պատիվ ունեցող սպայի եւ զինվորի համար, անհասկանալի է, թե ինչո՞ւ չկա դիրքերը վերականգնելու հրաման:

Ժիրայր Սեֆիլյանը հոգեբանական պարտություն է համարում նաեւ այն, որ տարածքի բնակիչները, սպաների ընտանիքները նույն հանգստությամբ չեն կարող մոտ ժամանակներս ապրել այդ տարածքներում:

Ժիրայր Սեֆիլյանին անհասկանալի է մնացել նաեւ այն, թե ինչո՞ւ այդ պատերազմի օրերին պետությունը մոբիլիզացիա չհայտարարեց, մարդիկ ինքնակազմակերպվեցին: «Գերագույն գլխավոր» հրամանատարը վախենում է մոբիլիզացիա հայտարարել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը`հավելելով, որ մենք խնդիր ունենք մեր զոհերի կատարածն իմաստավորելու, իսկ դրա քայլը մեկն է. «Կատարել քայլ եւ ծնկի բերել հակառակորդին`լիարժեք խաղաղություն հաստատելով: Քանի այդ քայլը չենք կատարել, նման հարվածներ միշտ էլ ստանալու ենք»:

Ըստ նրա, Ալիեւն այս ամենը չէր կարող անել առանց աշխարհաքաղաքական հովանավորների, բայց այդ մասին «Նոր Հայաստանը» երկու օրից կխոսի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930