Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան անհրաժեշտ զենք ու զինամթերք կարելի էր ունենալ այդ նույն գումարներով. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 14,2016 12:40

Եթե հակիրճ՝ մեր տնտեսության կառուցվածքը, փիլիսոփայությունն ու բաղադրությունը պիտի արմատապես վերանայվեն, արդիականացվեն, ձերբազատվեն անհեթեթ պրոտեկցիոն, «քավոր-սանիկական», օլիգարխոտ-մենաշնորհային խեղդող երեւույթներից ու մոտեցումներից:

Երկրորդը, որ էական է, պետք է լրջորեն ծանրութեթեւ անենք մեր արդյունաբերական, գիտատեխնիկական, նորարարական հնարավորությունները: Կյանքն ու իրողությունները, հուսանք, բոլորին պարզորոշ ցույց տվեցին, որ ունենք բացառապես մեկ դաշնակից՝ դա մեր բանակն է, դա մենք ենք, մեր համախմբվածությունն է: Իրական դաշնակից մենք չունենք, մեր հույսը մեզ վրա պիտի դնենք:

Իսկ գործնականում դա նշանակում է, որ մենք պետք է ի վիճակի լինենք կոնկրետ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ապահովել թե՛ վնասված տեխնիկայի վերանորոգումն ու մարտադաշտ վերադարձնելը, թե՛ եղած սպառազինության արդիականացումն ու խոցման արդյունավետության բարձրացումը, թե՛ նոր սարքավորումների ու տեխնիկական միջոցների ստեղծումն ու շահագործումը: Թե՛ նաեւ սովորական սպառազինության ու ռազմամթերքի բավարար պաշարներ պետք է կարողանանք ապահովել:

Երրորդ՝ հարց է ծագում այն առումով, թե ինչի վրա ենք մինչեւ հիմա խոշոր միջոցներ ծախսել: Շատերի շուրթերին վերջին տարիներին կառուցված գերատեսչական «ուսումնական կենտրոնների» վրա արված ծախսերն են: Լավ, ի՞նչ տվեցին մեզ այդ «ուսումնական կենտրոնները»: Մի՞թե շատ ավելի խելամիտ չէր լինի այդ միջոցները ծախսել պաշտպանական նպատակներով՝ սպառազինության արդիականացման ու զինանոցի համալրման համար:

Մեր մոտեցումը պետք է լիներ, հիմա առավել եւս պետք է լինի՝ «ամեն ինչ՝ բանակի, ամեն ինչ՝ հաղթանակի», այսինքն՝ խաղաղության համար: Եվ, եթե «ուսումնական կենտրոն» պետք էլ է, ապա դրանք՝ աշխարհազորի մշտական պատրաստվածության, հմտությունների, զինվորական, ռազմական հմտությունների կատարելագործման համար:

Եթե պետական միջոցներից «այս կողմ» գանք, ապա չենք կարող ուշադրություն չդարձնել նաեւ հարցին, թե ինչի վրա ենք անցած տարիներին ծախսել, այսպես ասենք, «ազգային կապիտալը»: Ճիշտ է, մասնավոր միջոցներ, բայց, ամեն դեպքում՝ ահռելի նյութական ռեսուրսներ են ծախսվել նորանոր եկեղեցիներ կառուցելու վրա: Տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Բան չունենք ասելու, եկեղեցին էլ է կարեւոր, հատկապես սովետական աստվածամերժ տասնամյակներից հետո: Բայց մի պահ եկեք պատկերացնենք, թե ինչքան տանկ կամ հակատանկային հրթիռ կամ որեւէ այլ անհրաժեշտ զենք ու զինամթերք կարելի էր ունենալ այդ նույն գումարներով:

Բայց ինչ եղել՝ եղել է, արդեն այդ ծախսերն արված են: Առաջիկայում երեւի շատերը կմտածեն նախքան նույնպիսի ծախսեր կատարելը: Իսկ մինչ այդ արժե մտածել մի մեխանիզմ ստեղծելու մասին, որ կխթանի առավել արդյունավետ օգտագործել առկա միջոցները, չփոշիացնել ընդհանուր ռեսուրսները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ« թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930