2013 թվականի ընթացքում Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Այդ հատվածում շրջանցիկ ճանապարհի գործարկումը հրատապ, կարեւոր նշանակության խնդիր էր: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճՇՇ-ն:
2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց շուրջ 535 միլիոն դրամ:
Շրջանցիկ ճանապարհը կոչված է ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ: Այդ ճանապարհը 6 ոլորաններ ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է:
Ներկայումս նորակառույց ճանապարհին սողանքից ճեղքեր են առաջացել, որոնք սպառնում են քանդել անվտանգության առումով կարեւոր ճանապարհը:
Կարդացեք նաև
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին հարցրինք, թե ճանապարհի նախագծող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն նախագիծ կազմելիս ինչո՞ւ չի ուսումնասիրել տեղանքը, որպեսզի բացահայտեր սողանքի վտանգը: Ա. Արշակյանն ասաց, որ գիտության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս սողանքի վտանգը բացահայտող նման կանխատեսումներ անել: Նա հայտնեց, որ առաջիկա 20 օրվա ընթացքում ճանապարհը սպասարկող ընկերությունը ճանապարհի ընթացիկ պահպանման ծախսերի շրջանակներում կվերացնի ճանապարհի սողանքը:
Սողանքի պատճառով փլվածք է առաջացել Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող, Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Բաղանիս-Ոսկեպար, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհին:
Ա. Արշակյանն ասաց, որ շրջանցիկ այդ ճանապարհի վերանորոգման համար արդեն մրցույթ է հայտարարվել, երկու ամսից հայտնի կլինի այն ընկերությունը, որը պետական բյուջեի միջոցներով կիրականացնի սահմանագոտին շրջանցող ճանապարհի նորոգումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ