Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի էժանացման նոր հեռանկարներ են բացվում. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 14,2016 12:33

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարների՝ Լ.Յոլյանի. Ա.Նովակի, Հ.Չիթչիանի եւ Ի.Էլոշվիլու համատեղ հանդիպումը՝ էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Քննարկման կարեւորագույն թեման Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման նախաձեռնության իրականացման հարցն էր, որը կյանքի կոչելու նպատակով երեկ նաեւ հատուկ ճանապարհային քարտեզ ստորագրվեց չորս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ:

Էներգետիկայի նախարարի տեղակալ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ ներկայացմամբ՝ այդ քարտեզով ըստ ժամանակացույցի նախանշված են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքները, նաեւ ցանկով նշված են պարտադիր իրավական փաստաթղթերը, որոնք պետք է մշակվեն եւ քառակողմ ստորագրվեն շինարարական գործընթացներին զուգահեռ:

Ըստ այդմ՝ մինչեւ 2019թ., երբ էլեկտրահաղորդման օդային գիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, կլինեն նաեւ էլեկտրաէներգետիկայի դաշտում տարածաշրջանային համագործակցությունը կարգավորող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դա հնարավորություն կտա շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո շահագործման հանձնել միջանցքը ձեւավորող էլեկտրահաղորդման գծերը եւ լայնորեն օգտվել էլեկտրաէներգետիկական համակարգի ընձեռած հնարավորություններից:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համակարգի գոյության շնորհիվ հնարավոր կլինի սեզոնային փոխհոսքեր ապահովել համագործակից երկրների միջեւ. «Հայաստանն արդեն տարիներ ի վեր մեծ արդյունավետությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր է իրականացնում Իրանի հետ: Համակարգը շահագործելուց հետո հնարավոր կլինի նման սեզոնային փոխհոսքեր կազմակերպել նաեւ Վրաստանի հետ, ինչը ոչ միայն կլրացնի այս կամ այն սեզոնին տվյալ երկրում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը, այլեւ հնարավորություն կտա տեղական համեմատաբար թանկ ռեսուրսի փոխարեն սպառել հարեւան երկրի արտադրած ավելի էժան էլեկտրաէներգիան:

Գարնանային սեզոնին Վրաստանում անհամեմատ ավելանում են ջրային պաշարները, եւ այնտեղ էլէներգիան կտրուկ էժանանում է: Ինչո՞ւ այդ հնարավորությունից չօգտվել եւ մեր ջերմային կայանների արտադրած թանկ էլեկտրաէներգիան չփոխարինել վրացական ավելի էժան էներգիայով: Իսկ ջերմային կայանների աշխատանքն այդ ընթացքում կարելի է դադարեցնել:

 

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930