Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վազգեն Սիսլյան. «Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2016 12:15

«Ես ոչ մի անակնկալ չեմ տեսնում Ադրբեջանի գործողություններում: Զինադադարից ի վեր Ադրբեջանը փորձել է ետ վերցնել ազատագրված տարածքները: Հասկանալի է, որ ապրիլյան գործողությունների համար որոշ տեղերից ինքը (Ալիեւը-Ն. Գ.) կանաչ լույս էր ստացել`մեծ պետությունների կողմից` ՌԴ, ԱՄՆ, Անգլիա, Եվրոպա: Փառք մեր զինվորներին, որ մեզ համար շատ թանկ արժեքով կարողացան պահել առավելությունը»,- «Հայացք» մամուլի ակումբում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին կարծիք հայտնեց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Նա այս ընթացքում հետեւել է ադրբեջանական, թուրքական մամուլին, հեռուստատեսությանը, միշտ էլ հակահայկական, ատելություն առաջացնող քարոզը կա: Ասում է`Էրդողանը նոր սուլթան է ուզում դառնալ, պանթուրքիստական ծրագիրն արդեն աշխատեցնում են եւ միակ խոչընդոտը Հայաստանն է: Իսկ մենք մեր իրավունքն աշխարհում վախենում ենք հստակ դնել: Նա վրդովված է, որ եվրոպաներն ու ռուսաստանները լռում են այն վայրագությունների մասին, որ այս օրերին իրականացրեցին ադրբեջանցի հրոսակները, լռում են մեր 22 զինվորների մարմինների խոշտանգված լինելու փաստի մասին, մինչդեռ, եթե «Եվրոպայում մեկի մատը մի փուշ մտնի` մեծ բան կսարքեն»:

«Քանի Ադրբեջանը նույն տրամադրություններն ունի, մենք զինվորապես պետք է պատրաստ լինենք: Ես շատ ուրախ էի, որ Ստեփանակերտում ոչ մեկը քաղաքականությունից չէր խոսում, ավել բան չէր խոսում, պատրաստ էին գնալ սահման: Զինվորապես պիտի պատրաստ լինենք եւ քաղաքականապես ավելի համարձակ լինենք` հստակ դնենք, որ Արցախը հայ ժողովրդինն է, աշխարհից պահանջենք` ճանաչել Արցախի անկախությունը: Քաղաքական դեմքերը ի՞նչ են անում, ի՞նչ են ասում, բայց ամեն հայ ինքը պետք է պատրաստ լինի պահել իր հայրենիքը: Այսօր ո՞վ է կասկածում, որ Արցախը մերն է»:

Հարցին`հայ զինվորը միայն ոգու ուժո՞վ պիտի կռվի, Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Ոգու ուժը կարեւոր է, եթե կողքին էլ մի բան կա»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Իր`փորձառու զինվորի համար էլ անսպասելի էր, այն համախմբումը, որը եղավ, քանի որ ինքն էլ կարծել է, թե մարդիկ հիասթափված ու անտարբեր են: Ուզում է, որ կարեւորագույն հարցերի շուրջ համախումբ լինենք:

Բայց որոշ տարակուսանքներ էլ կան. «Հարձակման ժամանակ, առաջին ժամերին, մեծ թվով զոհեր ունեցանք`չգիտեմ ի՞նչ էր եղել, որ զգոնությունը թուլացել էր, որ այդպես հարձակվեցին: Ես ուզում եմ, որ զինվորները դիրքերի վրա իմանալով կենան: Դիմացը վայրենի թշնամի է, ոչ թե կանոնավոր բանակ»:

Երկրի քաղաքական եւ զինվորական ղեկավարությանն էլ հորդորում է. «Զինվորներին մի քիչ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել: Զինվորը հայ մարդ է, մեր զավակն է: Թերություն չեմ ուզում տեսնել, մերոնք դիմակայեցին այդ հսկայական հարձակմանը: Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է»: Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով հարց չի լուծվում: Օգնությունները մի քիչ կազմակերպված պիտի լինի: Եվ սփյուռքին, եւ տեղի հայերին եմ դիմում` պետություն ունենք վերջապես, պետական մտածողություն էլ ունենանք: Ամեն ինչ ավելի կազմակերպված անենք, որ տարակուսանքներ էլ չլինեն, նպատակային լինի ամենը»:

Լիբանանահայ Վազգեն Սիսլյանը կարծում է, որ Սփյուռքի ամենամեծ օգնությունը հայրենիքին կլինի այն, որ սփյուռքահայերից գոնե մեկ միլիոն մարդ գա հայրենիքում ապրի:

Այն, որ այս չորսօրյա պատերազմում մի քանի հարյուր մետր հիմա Ադրբեջանի ձեռքում է հայտնվել, նա հատուկ ողբերգություն չի տեսնում. «Պատերազմ է: Մեր մեղքն այն էր, որ անակնկալ էր, չէին սպասում: Լավ կլիներ մի կիլոմետր էլ ժամանակավոր զիջեինք, մերոնք մի քանի հազար հոգի էլ ջարդեին»: Բայց հիշեցնում է, վերջին շրջանի անընդհատ գործողությունների ժամանակ մերոնք էլ դիրքեր են գրավել, նաեւ Նախիջեւանի կողմից:

Պատերազմական վիճակ էր, մի քիչ ետ քաշվելը նաեւ ռազմավարական քայլ կարող է լինել, բայց նա միանշանակ դեմ է որեւէ սանտիմետր հող վերադարձնելուն. «Ոչ թե յոթ շրջաններից մի մասը զիջելու մասին պետք է մտածենք, այլ մի յոթն էլ վերցնենք, որ ավելի ապահով լինենք»:

Նա ավելորդ խոսակցություններ է համարում այն, որ այս օրերին շատերն ասում են` դիրքերում փամփուշտ չկար: Ասում է`նման իրավիճակներում ամեն ինչ էլ լինում է: Լավ կլիներ, իհարկե, որ փամփուշտները շատ լինեին, զոհեր ավելի քիչ կունենայինք:

Մանրամասները`  տեսանյութում

Վազգեն Սիսլյանին դուր չի գալիս, որ շատերը կողմ են «գնալը կփրկի» քաղաքականությանը. «Չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր`ես փորձում եմ ամեն ինչի համար, իմ իրավունքի համար պայքարել, բայց ՀՀ քաղաքացիներն անտարբերություն են դրսեւորում»: Նա մեզ պարտված է համարում նաեւ իշխանություն-հասարակություն առկա մեծ անդունդի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930