Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը այցելել է Վիեննա, որտեղ մասնակցել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նվիրված կոնֆերանսին, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաներից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika-ն։
Նախարար Բոզքըրը Վիեննայի դիվանագիտական դպրոցում կայացած կոնֆերանսի ընթացքում պատասխանել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, ասելով հետևյալը. «Այդ հարցերը պետք է պատմաբանները լուծեն, ոչ թե քաղաքական գործիչները. նրանք չեն զբաղվում պատմությամբ։ Մենք առաջարկել ենք բացել արխիվները, ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որի աշխատանքներին կարող են մասնակցել ցանկացած երկրի մասնագետները, և որոշում ընդունենք։ Մենք ասել ենք նաև, որ կընդունենք արդյունքը (նկատի ունի պատմաբանների հանձնաժողովի աշխատանքների արդյունքը)»։
Թուրք նախարար և գլխավոր բանագնաց Բոզքըրը ասել է նաև, որ անցյալում Վիեննայի դիվանագիտական դպրոցը մասնագետներ է պատրաստել Արևելքի և հատկապես Օսմանյան կայսրության հետ բանակցելու նպատակով։ Սրանից հետո նախարարը խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններից. «Չեմ կարծում, որ Թուրքիայի փոխարեն որևէ այլ երկիր կկարողանար այսքան համբերատար լինել։ Այս հարաբերությունները շարունակվում են, որովհետև երկու կողմերն էլ միմյանցից կախված մեծ շահեր ունեն»։