Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի՞թե հրաշք չէ, երբ զինամթերքով մեքենան շուռ է գալիս, բայց ոչ մեկը չի տուժում»

Ապրիլ 14,2016 19:30
Hamlet Hovsepyan

Արցախյան հերոսամարտի մասնակից Համլետ Հովսեփյանը, որն այսօր Արցախյան ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահն է, «Սասունցի Դավիթ» ջոկատի համահիմնադիրն էր: 1990-ականներին կազմավորված կամավորական ջոկատի մարտական ուղին, կարելի է ասել, հենց նրա մարտական ուղին է. «Երբ հանրահավաք հրավիրեցի, այդ ժամանակ դատավոր էի աշխատում: Կոչ արեցի համախմբվել եւ զենք վերցնել, որովհետեւ մեզ ոչ մեկը չի պաշտպանելու: Որպես օրինակ, տեսանք, թե ինչ կատարվեց Սումգայիթում: 10.000 քաղաքացի արձագանքեց կոչին: Ստեղծվեց «Սասունցի Դավիթը»: Անգամ կամավորականների գրանցամատյանն եմ պահպանել»,- «Առավոտ»-ին պատմեց Համլետ Հովսեփյանը:

Յուրա Հովհաննիսյան, Արսեն Հակոբյան… Արցախի ազատության համար զոհված այս եւ մյուս հերոսները «Սասունցի Դավիթ» ջոկատից են եղել: Նկատենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը եւս այս ջոկատից էր: Ի դեպ, Հովսեփյանը պատմեց, թե ինչպես են ազատամարտի կենդանի լեգենդին «Կոմանդոս» անվամբ կնքել. «Մեր տղաներից 18-ը նրա հրամանատարությամբ պետք է Արցախ մտնեին: «Կամանդըս»-ը ամերիկյան ծովային հետեւակն էր: Այն ժամանակ նոր էին տեսաերիզներ դուրս եկել, նայում էինք այդ ամերիկյան ֆիլմերը, լսում` «կամանդըս»-«կամանդըս»… Ես էլ ասացի, որ «կամանդըս» եմ ստեղծում` մեր Արկադիի գլխավորությամբ: Այդպես մեր տղաները նրան սկսեցին Կոմանդոս անվանել»:
Ազատամարտիկների բոլոր սխրանքները թվարկել, իհարկե, հնարավոր չէ, բայց Հովսեփյանը հիշեց. «Երբ ազատագրել էինք Լաչինի լեռնանցքը, դիրքավորվեցինք ազատագրված Մազութլու գյուղի մոտ: Խրամատում էինք` անձրեւ էր… տղաները սովոր էին «Գրադի» հրթիռահրետակոծությանը: Մի անգամ էլ զինամթերքով բեռնված մեր զինվորական մեքենան շուռ եկավ, բայց ոչ մեկին բան չէր եղել: Երեւի Աստված այդպես կամեցավ: Մի՞թե հրաշք չէ, երբ զինամթերքով մեքենան շուռ է գալիս, բայց ոչ մեկը չի տուժում: Աստծո մատն ամեն տեղ էլ խառն է: Եթե այդպես չլիներ, մենք դարերի ընթացքում չէինք գոյատեւի ու զարգանա: Իսկ մեզ շրջապատող ցեղախմբերը ժամանակավոր են»:

shushi-2-2

«Սասունցի Դավիթ» ջոկատի ազատամարտիկներից Ֆրունզիկ Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց. «Վարդենիսում թուրքերի հետախուզական ջոկատը երեք մեքենայով էր եկել, մենք էլ 15 հոգով էինք… Մեկ թուրքի գերի վերցրեցինք եւ փոխեցինք 13 հայ գերու հետ»:

Համլետ Հովսեփյանը զրույցի ընթացքում նաեւ ընդգծեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ եւս ադրբեջանական կողմից իսլամիստներ եւ չեչեն ու թուրք գրոհայիններ էին կռվում եւ վայրագություններ իրականացնում հայ մարտիկների հանդեպ` այնպես, ինչպես վարվել էին ԼՂՀ ՊԲ մի շարք զինծառայողների հետ, եւ որոնց խոշտանգված եւ այլանդակված մարմիններն օրեր առաջ վերադարձվեցին հայկական կողմին:
«Այն, ինչ արել են, մեր ժամանակ էլ են արել… մեզ համար դա նորություն չէ: Պետք է հասկանանք, որ նրանց դեմ պետք է կատարելագործվենք: Սա մեր ժամանակների կռիվը չէ: Մարտական ոգին, անշուշտ, կա, բայց այն պետք է կատարելագործել եւ ունենալ այնպիսի զինատեսակներ, որոնք կապահովեն մեր զինվորների անվտանգությունը»,- նկատեց Հովսեփյանը:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930