Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հրադադարով կասեցրել է հայկական կողմին

Ապրիլ 14,2016 19:00

Հրադադար կնքողն ու իր կամքը թելադրողը

«Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը` Armenpress-ի փոխանցմամբ, մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը, հայտնել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի` հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին` հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար: Հարցին` արդյոք դա այն պա՞հն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում եւ առաջ շարժվում, Հակոբյանը պատասխանել է. «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ» եւ «Տոս» անօդաչու թռչող սարքեր: Զինադադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր, եւ հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով` հայկական կողմը բոլոր կարեւորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, եւ այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որեւէ էական ռազմավարական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաեւ հայկական զորքերի վրա ազդելու առումով:

Հրադադարի կնքումը՝ թեկուզ կողմերի միջեւ բանավոր պայմանավորվածության մակարդակով, եւ դրա պահպանումը, որքան էլ այն փխրուն լինի, անշուշտ հարկավոր էր, սակայն ստացվում է, որ ռուսական կողմը հայկական կողմից պահանջել է հրադադարի կիրառում` կանխելով Ղարաբաղի կողմից առաջխաղացումը: Այսինքն՝ Մոսկվան որոշակիորեն փրկել է Ալիեւին:

Այստեղ ուշագրավ է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի` ապրիլի 8-ին համացանցում հայտնված ելույթի հետեւյալ միտքը. «Մեզ նորից, երրորդ անգամ չթողեցին առաջ գնանք, կասեցրեցին…»:

Ռուսաստանն առաջնորդվելով իր շահերով՝ հարմար պահի, երբ Ադրբեջանը «նեղն է ընկել», փաստացի, հաճելին ու օգտակարը համատեղել է. մի կողմից՝ հրադադար կնքող է դարձել, մյուս կողմից` կողմերին իր կամքը թելադրող, տվյալ դեպքում` կողմերից մեկին, հայկական կողմին:

Հրադադարի կնքմանը հետեւեց հակահայկական քայլերի
շարանը

Թե ինչու Մոսկվան որոշեց առանց այն էլ Հայաստանում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի համար բարձրացրած, թերեւս, ամենաուժգին աղմուկի պայմաններում դարձյալ հակահայկական քայլերի գնալ՝ դժվար է ասել: Մի կողմից՝ ռուսաստանյան չեզոք քարոզչությունն էր` «հայերն ու ադրբեջանցիները միմյանց մեղադրում են», Կիսելյովյան «պարզ չի՝ ով է սկսելը», մյուս կողմից` ռուս բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ ոչ համարժեք պահվածքը ստեղծված իրավիճակում:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում ոչ միայն խուսափեց Բաքվին ռուսական զենքի վաճառքի թեմային անդրադառնալուց, այլեւ ձեռնպահ մնաց Ադրբեջանի գործողությունները քննադատելուց: Ավելին՝ նա երեւանյան այցից հետո իր պարտքը համարեց Բաքու մեկնել, որտեղ կարեւորեց Ռուսաստան-Ադրբեջան «ռազմավարական» հարաբերությունները: Մինչ ԵՏՄ-ի վարչապետները գերադասեցին Երեւանում չհայտնվել այդ օրերին` Ռուսաստանի վարչապետը մեկնեց Բաքու` նախապես չծրագրված այցով:
Բաքու էր մեկնել նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որն այնտեղ հայտարարեց, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: «Ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»,- ասել էր ՌԴ փոխվարչապետը:

Ապրիլի 9-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձավ զենքի վաճառքի թեմային։ Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Մեդվեդեւը պատասխանեց. «Ռուսաստանը գործընկեր երկիր է այդ երկու պետությունների համար»։ Դիտարկմանը, թե Հայաստանի հետ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից է, Մեդվեդեւը նշել է. «Հայաստանի հետ մենք նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։ Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա»։ ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբեւէ օգտագործվելու, այլ նաեւ զսպիչ գործոն դառնալու համար. «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»։

Մոսկվան զենք է վաճառում Երեւանին ու Բաքվին, որպեսզի դա չանի ԱՄՆ-ը, Ռուսաստանը զենք է վաճառում ե՛ւ Երեւանին, ե՛ւ Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը՝ օրերս կրկին հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը «Էխո Մոսկվիի» եթերում։ Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու է զենքի վաճառքը հակամարտող կողմերին դժգոհություն առաջացրել՝ դա անվանելով «դեմագոգիա» եւ «լալկան նվնվոց»: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումներին՝ Ռոգոզինը հանդես է եկել «ջախջախիչ» մեկնաբանությամբ. «Ոչ թե զենքն է կրակում, այլ մարդիկ»:

Մինչ Ռուսաստանում են արդեն սկսում կարծիքներ ի հայտ գալ, որ ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին հանցագործություն է, ՀԱՊԿ պայմանագրի կոպիտ խախտում, ռուս իշխանավորները շարունակում են պնդել «ռուսական բիզնեսի» արդարացված լինելը: Եթե նրանք դա են պնդում, ապա պետք է պատրաստ լինեն նաեւ այս հարցերին` ինչի՞ հանգեցրեց այդ «ռուսական զենքի բիզնեսը»` լարվածության զսպմա՞ն ղարաբաղյան գոտում, թե՞ նոր ողբերգության: Կամ` ո՞վ նպաստեց նրան, որ Ալիեւն իրեն ավելի սանձարձակ զգա 5 միլիարդանոց զենքի վաճառքի համաձայնագրերից հետո ու հարձակում գործի Ղարաբաղի ուղղությամբ:

Բայց ինչպես երեւում է, ռուսական կողմն այսուհետ «ռազմավարական դաշնակից Ադրբեջանի» հետ հարաբերություններում ձեռք բերված պայմանավորվածությունները մի կողմ չի դնելու` հանուն Հայաստանի ու Արցախի, եւ մենք պետք է հաշվի նստենք հենց այս իրողության հետ:

Ռուսական խաղաղապահների տեղակայման հարցը
կրկին թեժացավ

Ռուսական միջնորդական ջանքերի ֆոնին կրկին ինտենսիվացել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունների թեմայի քննարկումը: Այս խոսակցությունների շրջանառության համար, կարծես, լրացուցիչ հիմք դարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ եւ վերջնականապես լուծվի։

«Ընդհակառակը՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաեւ երկու կողմերի միջեւ խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»,- ասել է ՀՀ նախագահը:
Հատկանշական է, որ 2014թ. օգոստոսին Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» ծրագրի եթերում խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման մասին՝ նշել էր հետեւյալը. «Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջեւ: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ եւ թեման չէ, որովհետեւ այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի` լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն»:

Ի դեպ, Կազանյան փաստաթղթի մասին: Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին. «2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել՝ չնայած նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն ակնհայտորեն ունի առաջարկներ ու չի թաքցնում դրանց առկայությունը: Թե ինչ են դրանց պատասխանել կամ ինչ պայմաններով են հնարավոր համարում դրանց իրագործումը հայկական եւ ադրբեջանական կողմերը` դժվար է ասել, ցույց կտա ժամանակը:

Բայց, թերեւս, մեկ բան անհերքելի է. Մոսկվայի գործողությունները, հայտարարությունները փաստում են այն մասին, որ Ալիեւի սանձազերծած պատերազմը ինքնադրսեւորման մեծ հնարավորություն դարձավ ռուսական կողմի համար, եւ ցավոք, դա արտահայտվեց նաեւ հայկական կողմին զսպելու, այլ ոչ թե ագրեսոր Ալիեւին՝ որպես պատերազմ սանձազերծած պատասխանատուի, պատժելու միջոցով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Եթե փորձենք հնարավորին չափ օբյեկտիվ, կողքից նայել այս հրադադարներին,- ասենք ֆիննի աչքերով,- ապա միակ տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանի 4-5 ամենաբարձր իշխանավորները առնվազն կլինիկական տկարամիտներ են (дебил): Միայն այդ դեպքում է հնարավոր միևնույն փոցխին այդքան հաճախ և այդքան շատ կանգնել: Ճակատ եմ ասել հա՜․․․

  2. Հ.Շ. says:

    Այն «փոքր հատվածը» որ թշնամին յաջողել է տակաւին գրաւել, թերեւս «էական ռազմավարական նշանակություն չունի» (թէ որ այդպէս էր, իրենց սիրայօժար նվիրէինք, խի՞ պարապ տեղ մարդ կեանքն է վտանգել կամ զոհել անոր համար…):

    Սակայն ամէն դէպքում, թրքական այդ առաջխաղացքը վստահաբար էական կարեւորութիւն ունի՝ խորհրդանշական, հոգեբանական, քաղաքական եւ դիւանագիտական մակարդակների վրայ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930