Վրաստանի խորհրդարանի՝ Քութայիսիում գտնվող մասնաշենքում տեղի ունեցած նիստի ժամանակ վեճ է բռնկվել Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի և այդ երկրի օրենսդիր մարմնի մեկ այլ՝ ադրբեջանական ծագումով անդամի՝ Ազեր Սուլեյմանովի միջև։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։
Վեճը առաջացել է, երբ հայազգի պատգամավոր Պետրոսյանը արտահայտվել է Հայոց ցեղասպանության մասին։ Իր խոսքում պատգամավորը, մասնավորապես, ասել է. «Բոլորս այս երկրի (նկատի ունի Վրաստանը.-խմբ.) քաղաքացիներ ենք և պետք է ապրենք խաղաղ Վրաստանում։ Այս պատճառով անհրաժեշտ է, որ պատմական արդարությունն իր տեղը գտնի. 100 տարի առաջ՝ Օսմանյան կայսրությունում, հայերը ենթարկվել են ցեղասպանության։ Մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը։ Դա հայ ժողովրդի մեծ վերքն է, մենք էլ, որպես ժողովրդավարական երկիր, դա պետք է որպես ցեղասպանություն ճանաչենք»։
Պետրոսյանի այս խոսքերը դուր չեն եկել նիստին ներկա ադրբեջանական ծագմամբ պատգամավոր Ազեր Սուլեյմանովին, որը սադրանք է որակել Պետրոսյանի խոսքերը։ Ավելին, Սուլեյմանովի պնդմամբ՝ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, հիմնականում հայերից բաղկացացած «Բաղրամյան գումարտակը», բազմաթիվ վրացիների է կոտորել։ Վրացական խորհրդարանի ադրբեջանական ծագմամբ պատգամավորը ի հավելումն իր խոսքերի, ասել է. «Թուրքիայի նախագահը միլիոն անգամ ձեզ կոչ է արել գնալ և նայել բոլոր արխիվները՝ դրանք բաց են, բայց Դուք շահագրգռված չեք»։ Ադրբեջանական ծագմամբ պատգամավորը հայերին մեղադրել է նաև Արցախում ադրբեջանցիներին կոտորելու մեջ։
Նիստին ներկա գտնվող մի շարք պատգամավորներ երկու խորհրդարանականին էլ զսպվածության կոչ են արել և հորդորել են չտրվել սադրանքների։