Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական խորհրդի գրասենյակի կրթության խորհրդատուի դատը շարունակվում է

Ապրիլ 14,2016 17:30

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում է գտնվում 2014 թվականի հուլիսի 8-ին հարուցված քրեական գործը: Այս գործի դատաքննությունը դեռ չի ավարտվել:
Մինչդեռ, «Առավոտի» տեղեկություններով, դատական ակտը պետք է հրապարակվեր մարտի 30-ին:

Ըստ գործի նյութերի, «Ինքնությունները չպարզված մի խումբ անձինք 2014 թվականի հուլիսի 8-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 49/53 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում խախտելով հասարակական կարգը, դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հիշյալ շենքի բնակիչների նկատմամբ, ընդգծելով իրենց առավելությունը թիվ 4 բնակարանի բնակիչ Ռաֆայել Ռաֆիկի Գեւորգյանի նկատմամբ, անհայտ շարժառիթով վերջինիս հասցեագրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից վիրավորված` Ռաֆայել Գեւորգյանը չպարզված ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր կողմից վարձակալած վերոհիշյալ բնակարանում ապօրինի պահված` 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված ատրճանակից կատարել է կրակոցներ՝ խուլիգանական գործողություններ կատարած անձանց ուղղությամբ»:

2014 թվականի հուլիսի 8-ին Ռաֆայելը ձերբակալվել էր, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Գրիգոր Աբրոյանը ճանաչվել էր տուժողի օրինական ներկայացուցիչ:
Հուլիսի 10-ին որոշում էր կայացվել Ռ. Գեւորգյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին, ինչը դատարանի կողմից բավարարվել էր:

Հետագայում փոխվել էր թե խափանման միջոցը՝ գրավով, թե մեղադրանքը:
Առաջին պաշտպանը եղել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Հակոբյանը, ապա՝ Ինեսա Պետրոսյանը:

Գրավ կիրառելուց հետո բողոք էր բերել դատախազ Ա. Պետրոսյանը: Նշենք, որ վերաքննիչ բողոքը բավարարվել էր ու Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. սեպտեմբերի 11-ի որոշումը` գրավը մեղադրյալ Ռաֆայել Գեւորգյանի նկատմամբ թույլատրելի ճանաչելու մասին, բեկանվել էր:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր, որ ըստ ներկայացվածի՝ Ա. Աբրոյանի՝ որպես վկա հարցաքննության արձանագրությամբ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությամբ, փորձագետների եզրակացություններով առկա են փաստական տվյալներ, որոնցով հաստատվում է մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին:

Նշանակվել էր դատական նոր քննություն:

Ի դեպ, նոր մեղադրանքի հիմքում դրվել էր այն, որ Ռաֆայել Գեւորգյանը 2014թ. հուլիսի 7-ին շենքի բակում գտնվող զրուցարանում «թղթախաղով զբաղվող» Էդգար Մարտիրոսյանի, Արմեն Աբրոյանի, Արմեն Գեւորգյանի, Արման Եփրեմյանի հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում իր բնակարանի պատուհանից զենքի` ապօրինի պահված ատրճանակի գործադրմամբ, բակի ու զրուցարանի ուղղությամբ կատարել է կրակոցներ: Այս ժամանակ էլ Գրիգոր Աբրոյանին պատճառվել է աջ սրունք-թաթային հոդի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վերքերի ձեւով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:

Բարեբախտաբար, առգրավվել էին տարածքը տեսանկարահանող խցիկների պահպանիչ սարքերը, ճշտվել էին բեսեդկայում՝ զրուցարանում գտնված բոլոր անձինք եւ շենքի բնակիչները, նաեւ մանրամասները:

Ի դեպ, համաձայն արդարադատության նախարարության դատարան ներկայացրած գրության, «բուժհետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի հաղորդականության խանգարում AV-բլոկադա I0 (PQ=021i), վաղ ռեւպոլյարիզացիայի համախտանիշ, միոկարդի հիպոքսիա, ձախ փորոքի գերաճ, նյարդաբանի խորհրդատվությամբ՝ մեղադրյալ Ռ. Գեւորգյանը տառապում է նաեւ նեւրասթենիա, հիստերիա հիվանդությամբ եւ նրան անհրաժեշտ էր ստացիոնար հետազոտում «Ստրես» կենտրոնում»:

Դեպքից հետո Ռ. Գեւորգյանն իր ընտանիքով տեղափոխվել է դեպքի վայր հանդիսացող շենքից, բուժօգնություն է ստացել հիվանդանոցում, ընդհանրապես որեւէ շփում կամ առնչություն չի ունեցել գործի հետ առնչվող անձանց հետ:
Ուշադրության արժանի էր այն, որ դեպքից հետո Ռ. Գեւորգյանն ինքն է զանգել ոստիկանություն, հրազեն ճանաչված ինքնաշեն ատրճանակով, փամփուշտներով, 2 պարկուճներով ինքնակամ ներկայացել է ոստիկաններին:

Ռաֆայել Գեւորգյանն աշխատում է Միջազգային կրթական խորհրդի գրասենյակում, որպես կրթության խորհրդատու: Նա հանդիսանում է շուրջ 600 միջազգային կրթական կենտրոնների լիազոր ներկայացուցիչը ՀՀ-ում: Նրա խնամքին են գտնվում 2 մանկահասակ զավակները: Անաշխատունակ է կինը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930