Կոմպոզիտորներն էլ անմասն չեն երկրի խնդիրներից
Հայ-ադրբեջանական սահմանից հեռու, թիկունքում էլ արվեստագետներն են «կռվում»՝ այս դեպքում հոգեւոր դաշտում, անցկացնում են տարբեր միջոցառումներ՝ դրամահավաքներից մինչեւ համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ եւ այլն:
Ապրիլի 8-ին մեկնարկած (կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը) Կոմպոզիտորների միության հայ ժամանակակից երաժշտության հերթական «Պրեմիերա» փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին որը ի յուրաքանչյուր համերգ սկսվում է լռության րոպեով:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, միության արտաքին կապերի եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանը (լուսանկարում) հայտնեց, որ մինչ օրս հնչել են եւ առաջիկա օրերին էլ կկատարվեն 40 կոմպոզիտորի սիմֆոնիկ, կամերային եւ երգչախմբային ստեղծագործություններ: «Այս նախագիծը միավորել է հայաստանյան պետական կոլեկտիվներին՝ Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, օպերային թատրոնի նվագախմբերին, երկու կամերային երգչախմբերին, կամերային տարբեր կազմերի անսամբլներին եւ մենակատարներին: Փառատոնը անցկացվում է մեր նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք երեկոն նվիրված է Աշոտ Սաթյանի 110, Էդվարդ Միրզոյանի եւ Առնո Բաբաջանյանի 95-ամյա հոբելյաններին:
Դիտարկմանը, թե ոչ միայն մեզանում, այլեւ աշխարհում նման միջոցառումներից հետո մշտապես հնչում են դժգոհություններ, ասենք՝ ինչու այս անգամ իմ ստեղծագործությունը չկատարվեց, Էդմոնդ Մակարյանը պատասխանեց. «Դա նորմալ երեւույթ է, քանի որ ստեղծագործողներից յուրաքանչյուրը անհատականություն է: Մյուս կողմից՝ հնարավոր չէ միանգամից բավարարել, օրինակ, մեր դեպքում՝ 140 անդամի նեկայությունը տարբեր երեկոներին: Նշեմ, որ Արամ Սաթյանի՝ Կոմպոզիտորների միության շուրջ 3 տարիների ղեկավարման ընթացքում ոչ միայն հնչել են միության անդամների մեծամասնության երկերը, այլեւ ուշադրություն է դարձվել այն երիտասարդ կոմպոզիտորներին, որոնք միության անդամ չեն, նրանց ստեղծագործությունները երաժշտասեր հանրությանն է ներկայացվել»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում խնդրեցինք ծանոթացնել առաջիկայում սպասվելիք միության երեկոներին եւս: «Սկսվել է հայրենասիրական-էստրադային երգերի հեղինակ՝ միության անդամ կոմպոզիտորների հայտերի ընդունումը: Սա, իհարկե, աշխատատար պրոցես է… Դա իրականացնում ենք Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ սփյուռքի նախարարության հետ համատեղ: Մայիսին կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների երրորդ հանրապետական մրցույթը, որին էլ աջակցում է Երեւանի քաղաքապետարանը»,- հայտնեց արվեստագետը:
Անդրադարձ եղավ նաեւ ազերիների կողմից սանձազերծված պատերազմին: «Անկասկած, արվեստագետները, այդ թվում մենք՝ կոմպոզիտորներս, հետեւողական ենք եւ տեղեկացված սահմանին կատարվող յուրաքանչյուր անցուդարձից: Ամպագոռգոռ չհնչի՝ մեր ձեռքերը երկրի զարկերակի վրա են եւ հնարավորության սահմանում պատրաստ ենք պարզապես ցանկացած գործողության, ինչու չէ՝ առաջադրանքի, ինչը կապված է մեր երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության հետ… Քառօրյա պատերազմից հետո այսօր էլ, երբ թշնամին դարձյալ խախտում է սահմանի լռությունը, յուրաքանչյուր զինվորի օրինակով կոմպոզիտորներս, թեկուզ հենց անցկացվող փառատոնային համերգներով, ջանում ենք բարձր պահել հայի ոգին»,- ասաց Էդմոնդ Մակարյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2016
Փառատոնը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին, բայց ծրագրում տեղ չեն գտել այնպիսի գործեր, որոնք նվիրված լինեն այդ Մեծ տարելիցին … Հարգանքով` Աշոտ Բաբայան