Երեկ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները մեկնեցին Սերբիա, որտեղ ապրիլի 15-ից 17-ը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի երեք վարկանիշային մրցաշարերից առաջինը:
Երկու հավաքականների գլխավոր մարզիչները վաղօրոք էին հայտարարել այն մարզիկների անունները, որոնք պետք է առաջինը ներգրավվեն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: Ազատ ոճայիններից մրցավայր մեկնել են. 57 կգ՝ Գառնիկ Մնացականյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 74՝ Սուրեն Խաչատրյան, 86՝ Մուսա Մուրթազալիեւ, 97՝ Էդգար Ենոքյան: Հունահռոմեական ըմբիշներն են. 59՝ Ռոման Ամոյան, 75՝ Կարապետ Չալյան, 85՝ Արթուր Շահինյան, 130՝ Էդգար Խաչատրյան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելուց առաջ «Առավոտին» ասաց, որ բոլոր մարզիկները լավ մարզավիճակում են, տրամադրված՝ մարտական եւ անելու են ամեն բան՝ հնարավորին չափ շատ վարկանիշ նվաճելու համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2016