Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնթեի աղբյուրը

Ապրիլ 14,2016 14:00

«Աստվածարյալ զորավար էր Մոնթեն»,-այսպես է հիշատակվում Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում, որտեղ հեղինակը հիշատակում է մի վկայության մասին, որը պատմել է Ասպրամ Ծառուկյանը:

Ըստ վկայության՝ նշվում է, որ թշնամու դեմ առյուծի նման պատերազմող մեր հերոսը, սակայն, արգելում էր անգամ որեւէ վայրի կենդանու սպանել, ասում էր` դիրքերում հանդիպած օձերին էլ մի սպանեք` Աստծո արարած են։ Այսինքն` թուրքերն իրենց նենգությամբ օձերից էլ վատն են։ Բնականաբար, մարդու սողուն տեսակն ավելի վտանգավոր է, քան իրական սողունը։

…Մոնթեն, երբ նոր էր հասել Արցախ, Մարտունու շրջան, առաջին գործն այն եղավ, որ իր լուսավոր միտք ու սրտով բարոյական կարգապահություն սկսեց սահմանել ոչ միայն զորամասում, այլ ողջ տարածաշրջանի բնակչության մեջ էլ։ Ոմանք, որ բարձիթողի վարքի էին սովոր` առք ու վաճառք, ավազակություններ, միաբան ընդվզեցին առաքինությամբ ապրելու Մոնթեի դրած կարգ ու կանոնի դեմ, նույնիսկ հարձակումից առաջ թափելով թշնամու դեմն առնելու համար զինտեխնիկայի` մեծ դժվարությամբ զորավարի ձեռք բերած վառելանյութը, որպեսզի զորավարը պարտվեր, խայտառակվեր, հուսահատվեր, հեռանար եւ իրենց բարձիթողի վարքերը չշտկեր։ Բայց զորավարի լուսավոր սերն ու ներումն, ի վերջո, ամենքին էլ հաղթեց։

Հերոսի զոհվելուց տարիներ էին անցել։

Նրա մոտ ընկերներից մեկը` Հովսեփ Հակոբյանը, գնում էր Մոնթեի աղբյուր։ Աղբյուրը յուրօրինակ ուխտավայր էր զորավարի մտերիմների համար։ Ով հիշում-կարոտում էր նրան, գնում էր Մոնթեի աղբյուրի ջուրը խմում, նստում աղբյուրի մոտ, մտովի զրուցում զորավարի մեծ սրտի հետ, զորավորվում էր նրա կենդանի անտես ներկայությունից, իմաստուն սիրուց եւ մխիթարված վերադառնում էր։ Հովսեփը դեռ աղբյուր չհասած՝ հանկարծ լացի ու աղերսական զղջման խոսքերի ձայներ լսեց։ Ավելի մոտ գնաց, այնպես, որ չնկատվի։ Եվ ահա, ով Աստծո սիրո փառք, հաղթանակ զորավարի բանական սիրո եւ ներման իմաստության։ Այս հավաքված տղերքը ոչ այլ ոք էին, քան նրանք, ովքեր տարածաշրջանում դժվար դաստիարակվողների համբավ ունեին եւ սկզբում խանգարում էին Մոնթեի գործին, նրա պարտվելը որոնում, չհասկանալով, որ Մոնթեի պարտությունը իրենց տարածաշրջանի պարտությունն էր նշանակում, իրենց պարտությունը` եւ ոչ

այլ բան։ Սակայն Աստվածարյալ հերոսի դաստիարակության դպրոցում

սրանք եւս մարդ էին կերտվել, մարդու ձեւ ու կերպ էին ստացել եւ եկել էին

ապաշխարելու։ Փա՛ռք Աստծո։ Հերոսի կենացն էին խմում եւ լաց լինելով`

զղջման խոսքեր ասում, Մոնթեի հոգուց ներում էին խնդրում ու կրկին լաց

լինում։ Եվ այն ներումից, որ զգում էին հերոսի կենդանի հոգու ներկայությունից, մխիթարվում եւ միմյանց մխիթարում էին։

Զորավարի մեծ սիրո հաղթանակներից մեկն էր կատարվում աղբյուրի մոտ։ Եվ Աստված այդ աղբյուրը ուխտավայր էր դարձրել` որպես խորհրդանշան զորավարի կենդանի եւ կենսատու, անմահ սիրո եւ մեծ Հոգու։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930