Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, երեկ Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Կից տեսեք՝ հայտարարության նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ․հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները՝ մասնավորապես.
-չի արձանագրվել որևէ առաջընթաց Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում,
-տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։ Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։
-ԵԱՏՄ պայմանագրով նաև շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵԱՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից և նիստը տեղափոխվեց Մոսկվա։ Երևանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երևանում կնեղացնի Ադրբեջանին։ Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի և համայն հայության համար այս օրհասական պահին ԵԱՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵԱՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունելի է և ևս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկել ՀՀ Նախագահին և Կառավարությանը սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
14 ապրիլի, 2016թ.
ք. Երևան