Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մոբիլիզացիա

Ապրիլ 14,2016 10:08

Կարծում եմ՝ ոչ մեկի մոտ պատրանքներ չկան, թե սա Ադրբեջանի վերջին հարձակումն էր Արցախի վրա` օրերի, շաբաթների կամ առավելագույնը ամիսների ընթացքում կլինի նոր` շատ ավելի հուժկու գրոհ: Գրեթե կասկած չկա, որ լարվածություն կառաջանա նաեւ Հայաստանի սահմաններին: Հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, թե Ռուսաստանը, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները մատը մատին կխփեն այդ հերթական հարձակումը կանխելու կամ դատապարտելու համար` նրանք հանդես կգան կրակը դադարեցնելու «բոլոր կողմերին» ուղղված կոչով:

Հետեւաբար, մեր միակ հույսը կարող է լինել ներքին մոբիլիզացիան: Ոչ միայն բանակի, որի մարտիկների հերոսությունը եւս մեկ անգամ ապացուցվեց, այլեւ Հայաստանի ամբողջ հասարակության, աշխարհի բոլոր հայերի: Չզարմանաք, բայց կարծում եմ, որ այդ համախմբման հիմքը պետք է լինի մեր՝ հայերիս իրար նկատմամբ բարյացակամ, հանդուրժող վերաբերմունքը, թույն-թարախը մեր միջից հանելը, որեւէ մեկին փնովելու միջոցով ինքնահաստատման ձգտումից հրաժարվելը: Ամեն մեկս ինչ-որ մեկից ինչ-որ պատճառով նեղված ենք, բայց այսօր այդ անձնական նեղվածությունն արտահայտելու պահը չէ, ժամանակավորապես մոռանանք դրա մասին:

Կոռուպցիոներների եւ գանձագողերի մասին: Իհարկե, կարելի է քաղաքական միավորներ հավաքելու եւ «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար խոսել «կուլակաթափության» եւ «ազգայնացման» մասին: Բայց նախ՝ դրանք «օդի մեջի» խոսակցություններ են, երկրորդ՝ դրանք բերում են ներքաղաքական պայքարի այս պահին անցանկալի սրմանը, որտեղ պարզ չէ, թե ինչ է ասվում ազգային, իսկ ինչը՝ նեղ անձնական, թայֆայական շահերից ելնելով: Հասարակությունն, իհարկե, պետք է շարունակի այդ «պերսոնաժներին» խարազանել՝ պահանջելով նրանցից հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Նրանք էլ պետք է գիտակցեն, որ նրանց գողացած ամեն լուման մեկ զինվորի կյանք է: Թո՛ղ փորձեն ապրել այդ գիտակցությամբ:

Մոբիլիզացիա նշանակում է նաեւ, որ ամեն մեկն ԻՐ ՏԵՂՈՒՄ իր գործն է անում՝ բարեխղճորեն, պարկեշտ, նվիրումով: Պարտադիր չէ, որ բոլորը գնան Արցախ եւ զբաղվեն Աստված գիտի՝ ինչով: Ուսուցիչը` դասարանում, բժիշկը` հիվանդանոցում, գիտնականն իր լաբորատորիայում պետք է իրենց գործողություններով համապատասխանեն առաջին գծում կանգնած հերոս զինվորի վարքին եւ մտածողությանը: 21-րդ դարում ռազմաճակատի գիծը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանն է կամ ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծը, այլեւ ամեն մեկիս գործը, որում թերանալը ուղիղ վնաս է հասցնում մեր զինվորին:
Պետք չէ առանց որեւէ հստակ, ձեւակերպված առաքելության գնալ Արցախ, եթե դրա հստակ պահանջարկը չկա: Պետք չէ նեղանալ, եթե մեզ խնդրում են տուն վերադառնալ: «Կամուֆլյաժ» հագնելու եւ «սելֆի» անելու ժամանակը նույնպես անցել է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. henri says:

    Ես զարմացած մնացած եմ թէ շարունակ կրկնուող պատուէրները բանակի մասին լուսաբանութիւններ չտալու ամենաշատ բանակն ու լրագրողներն են խախտողները-
    ” Մենք ներկայիս սա ունինք-սա պիտի ընենք-այստեղէն պիտի յարձակինք-սա զէնքը պիտի ունենանք-հոս պիտի դիմենք-հոն պիտի դիմենք-այսքան գումար հաւաքած ենք- կոչ պիտի ընենք-
    սրիկա իսրայէլի ալ դաս պիտի տանք- եւ այլն և այլն ” ուր մնաց գաղտնապահութիւնը ? Ընկալուջը ձեռքը առնողը կը խօսի տէր տիրական – հետաքրքիր լրագրողներ անպատճառ մանրամասնութիւններ կ`ուզեն – սա լրջութիւն չէ – ասոր կ`ըսեն չտեսութիւն – եւ ամէնէն ցաւալին այն է որ կը յայտարարենք թէ ռուսաստանի մեծահարուստներ ինքնաշարժներ կը նուիրեն ասոր անոր փոխանակ թշուար ընտանիքներուն արժանավայել բնակարան մը տալու և բանակին հարկ եղած արդիացումը հոգալու առանց աղմուկի և շուտով ; Բանակայիններ աւելի զուսպ եղէք -լրագրողներ `նուազ հետաքրքիր -թողունք կառավարութեան մասնագէտներուն որ պէտք եղածը կատարեն; Վստահ եմ լաւ արդիւնքի կրնան հասնիլ; Հերիք է շատ անմեղ զոհեր տուինք ;

  2. henri says:

    Ապրիք Պ.Աբրահամեան -Ոսկեղէն և անվիճելի թելադրութիւններ -Հիմա բոլոր ջանքերնիս պիտի ըլլայ
    “Քաջ Նազարեան գործիչները/ներսի և դուրսի ” ամէն գնով չէզոքացնել և այպանել ; Աւարայրի-Սարդարապատի կրկնութիւնն է սա – Մեծախօսութիւնները տեղ չունին -երբ միացած ենք `ոչ մէկէն վախ կրնանք ունենալ ;Կը տեսնենք թէ ինչ հրաշք գիտակից բանակ ունինք ; Աստուած մեզ հետ է -մեր նահատակները մեզի հետ են կը մնայ մենք իրար հետ ըլլանք անկղծօրէն;

  3. Ruben says:

    (Համամիտ եմ), սա Ադրբեջանի վերջին հարձակումը չէ Արցախի, Հայաստանի սահմանների վրա: Հիմնական հարվածի ռազմավարական ուղղությունը Նախագահը գիտի՞: Պոչը կարելի գտնել` №204-15/000149-16: Եթե ՀՀ Նախագահը խուլ ու համր չի, թող պատասխանի հարցին՝. «Աստվածները» նամակ կարդու՞մ են»:

  4. Ա.Պողոսյան says:

    21-րդ դարում ռազմաճակատի գիծը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանն է կամ ԼՂՀ-Հայաստան շփման գիծը, այլեւ ամեն մեկիս գործը, որում թերանալը ուղիղ վնաս է հասցնում մեր զինվորին:

    Երևի նկատի ունեք ԼՂՀ- Ադրբեջան շփման գիծը:

  5. Sargis says:

    Երբ նայում ես (նյութը կարդալս չի գալիս) հայ մամուլի վերնագրերին’ մտածում ես. մի որ պիտի հեռանանք արդեոք իրողության բանաստեղծական ընկալումից: Կռիվ է, բարեկամներ, սովորական կռիվ: Հստակ վերնագրե’ք, առանց գուսանական երանգների կարճ ձեւակերպեք ասելիքը: Եթե ունեք դա:

  6. Հ.Շ. says:

    մենք, ընտանյօք – հանդարտօրէն- պատրաստվում ենք մեր ծրագրի յաջորդ տարեկան գործադրման ՝

    https://www.shoushisummercamp.org/

  7. փիրուզակ says:

    Լավ, իսկ ով պետք է դիմի նախագահին, կառավարությանը,ԱԺ-ին որ պետական ողջ համակարգը անցնի խիստ խնայողության??? Ես ամենևին նկատի չունեմ, թե կրճատեն սոցիալական ծախսերը: Ես նկատի ունեմ տեղակալի տեղակալի ծառայողական մեքենան, ընդ որում ի տարբերություն ութսունականների զենքի, միանգամայն ժամանակակից, իշխանության մարմինների անհասկանալի նպատակներով գործուղումները, աբսուրդի հասնող պետական գնումները, անիմաստ դեսպանատները՝բացված հատուկ մարդկանց համար,անիմաստ նախարարությունները, հենց օրինակ Սփյուռքի նախարարությունը որը կարելի է պարզապես փոխարինել ԱԳ նախարարության մի բաժնով, պետական գիտական ինստիտուտներում հատուկ բարեկամի, ծանոթի, խնամու, հարսի, փեսայի համար բացված ամբիոնը, հաստիքը,…, զարգացած աշխարհից մի հիսուն-վաթսուն տարով հետ ընկած քաղաքում Էրեբունի-Երևան, Նոր տարվա և այլ կարգի տոնակատարությունների շքեղ ծախսեր, բայց բովանդակային առումով ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒն և այլն այլն և այլն…. Մի հատ համացանցում նայեք 1971 թ.Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարությունները ու համեմատեք էն ծաղրի հետ, որին մեզ բոլորիս ենթարկում են գրեթե 3000 ամյա Երևանի տոնակատարությունների ժամանակ, բայց դե ծախսերը ամենևին էլ ծիծաղելի չեն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930