Ս. թ. ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:
Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով:
Բորիս Էյֆմանի հետ Հայաստան է ժամանել Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը: Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին աջակցում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնին, «Երաժշտական օլիմպոս» նախագծին, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիային և Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնին, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամին և «Ռուսական արվեստ» հրատարակչությանը:
Կարդացեք նաև
Նա Թբիլիսում տեղադրված Սերգեյ Փարաջանովի արձանի նախագծի հեղինակն է /նվիրաբերել է քաղաքին 2005 թ./:
Ս. թ. ապրիլի 12-ին և 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը հանդես է գալիս «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով:
Ապրիլի 13-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Բորիս Էյֆմանի թատրոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտավորականների հետ:
Միջոցառման շրջանակում կայացավ նաև պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով:
Հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար, «Լուզինյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ողջունելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց Բորիս Էյֆմանին՝ երևանյան փայլուն հյուրախաղերի համար: Նախարարի խոսքով՝ անչափ մարդասեր պետք է լինել, գրական հերոսներին նման կերպ բացահայտելու և երաժշտության ու շարժման զուգորդմամբ այդչափ ներդաշնակ բալետային ներկայացում ստեղծելու համար: «Այն, ինչի հնարավոր է հասնել, Դուք հասնում եք. Էսթետիկա, ճաշակ, լույս, ռեժիսուրա, խորեոգրաֆիա, բեմադրություն, գաղափար, փիլիսոփայություն… Սա մի հրաշք է՝ իրականություն դարձած», – իր խոսքը եզրափակեց նախարարը:
Նշենք, որ անվանի բալետմայստերը ապրիլի 13-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՀՀ մշակույթի նախարարություն