Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին երբեք զենք չի վաճառել. VOA

Ապրիլ 14,2016 08:02

Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով:

«Տարիներ շարունակ մեր մտահոգություններն ենք արտահայտել Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի աճի կապակցությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանից սպառազինությունների գնումների կապակցությամբ», – ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, միջազգային հանրությունը եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար.

«Մենք լիովին հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները ապագայում նույնպես ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին»:

Վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով սահմանափակ ռազմական օգնություն է հատկացրել՝ զինծառայողների վերապատրաստման եւ կապի միջոցների ձեռքբերման համար: Ամերիկայի հայկական համայնքը, սակայն մտադիր է պահանջել սեփական կառավարությունից, որպեսզի այն սառեցնի Ադրբեջանին ուղղվող նաեւ այդ սահմանափակ հատկացումները:

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է կանխվել մի քանի եղանակով, այդ թվում, ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում: Դրանից բացի, Համբարյանը հիշատակում է այսպես կոչված «Լեհիի օրենքը», որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացող ցանկացած հաստատություն, որը մարդու իրավունքների կոշտ խախտումներ է կատարում, զրկվում է այդ օգնությունը երբեւէ ստանալու հնարավորությունից:

«Մեր կարծիքով, կան բավարար հիմքեր, որպեսզի մեր կառավարությունը հետաքննություն նախաձեռնի, պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտել է «Լեհիի օրենքը», – նշում է Համբարյանը:

Արամ Համբարյանի կարծիքով, հավասարակշռություն ապահովելու համար ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն արգելի ցանկացած տեսակի օգնություն Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական աջակցություն տրամադրի հայկական կողմին.

«Մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ Ադրբեջանը չի մտածի, թե կարող է ուժով հարցը լուծել», – նշում է Համբարյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930