Այս օրերին Հայաստանում են գտնվում ռուս անվանի բալետմայստեր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Բորիս Էյֆմանն ու նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:
Ապրիլի 12-ին և 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թատերախումբը հանդես եկավ «Աննա Կարենինա» բալետային ներկայացմամբ:
Հյուրախաղերով նրանք արդեն երկրորդ անգամ են Հայաստանում: 2013-ի նոյեմբերին Երևանում հանդես են եկել «Մեղքից անդին» ներկայացմամբ:
Բորիս Էյֆմանի խոսքով՝ իրենք հյուրախաղերով լինում են գրեթե բոլոր երկրներում: Տարվա մեջ ամենաքիչը 6-7 ամիս Սանկտ Պետերբուրգից դուրս են գտնվում: 100-ից ավելի ներկայացում ունեն: Իրենց ամեն տեղ էլ լավ են ընդունում, բայց Հայաստանում առանձնահատուկ ջերմություն կա:
Կարդացեք նաև
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ նաև Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը:
Գիրքն ամփոփում է Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի անցած 40-ամյա ուղին:
Էյֆմանի կարծիքով, բալետի մասին գրելը շատ դժվար է, բայց Տատյանա Բոբորիկինային հաջողվել է, քանի որ նա խորությամբ զգում ու հասկանում է բալետը:
Նշենք, որ ռուս անվանի բալետմայստերը 40-ից ավելի ներկայացումների հեղինակ է: Դրանցից են, օրինակ, «Չայկովսկին», «Ճայը», «Օնեգինը», «Ռոդենը», «Ռեքվիեմը» և այլն:
Էյֆմանն ուսանողական տարիներին բեմադրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այդ ժամանակ էլ ծանոթացել է կոմպոզիտորի հետ. «Գուցե իմ ստեղծագործական կյանքն այլ ընթացք ունենար, եթե հնարավորություն չունենայի իբրև դիպլոմային աշխատանք «Գայանեն» ներկայացնելու»,- այսօր՝ իր թատրոնի մասին պատմող գրքի շնորհանդեսի ժամանակ, ասաց Էյֆմանն ու հիշեց իր առաջին հանդիպումը կոմպոզիտորի հետ. «Իլյիչն ինձ դիմավորեց իր տան դռների մոտ և ասաց, որ խորեոգրաֆների հետ միայն դատարանի դահլիճում է ցանկանում հանդիպել: Նա դժգոհ էր բեմադրություններից: Ուսանող էի, կանգնած դողում էի, ի՞նչ կարող էի նրան պատասխանել: Այնքան տխուր էի, որ ասաց՝ լավ, ներս արի, խոսենք: Ներս գնացի, սկսեցինք խոսել: Հասկացավ, որ հիմար չեմ»:
Խաչատրյանի հետ հանդիպումը Էյֆմանն իր երիտասարդ տարիների ամենաթանկ հիշողություններից մեկն է համարում. «Այդպիսի կոմպոզիտորի, անհատականության հետ շփումն Աստծու պարգև է, կյանքի, արվեստի դպրոց: Իմ բախտն ուղղակի բերել է: Կյանքիս յուրաքանչյուր փուլ հաղթահարելիս հիշում եմ նրան: Հիշում եմ, թե ինչպես ընդունեց ինձ ու հայրաբար օրհնեց: Նրա օրհնությունն ուղեգիր էր դեպի արվեստի աշխարհ»,- ասաց անվանի բալետմայստերը:
Հավելենք, որ միջոցառման ավարտին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանին պարգևատրեց Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ