«Ի՞նչ է նշանակում՝ ինն ամիս հետո նոր պետք է պայմանագրի դրույթների իրականացման որոշում լինի, ինն ամիս հետո նոր սկսեն արագացնել: Կամ ՌԴ վարչապետը պետք է գար, հասներ այստեղ, նոր արագացնեի՞ն: Չէ՞ որ պայմանագիրը անցած տարվա հուլիսին է եղել, արտահերթով բերեցին, քննարկեցին: Այս կերպ չեն կառավարում, սա օպերատիվ աշխատանք է պահանջում»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ապրիլի 15-ին նախատեսված Կառավարության նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծն է:
Փաստորեն, կառավարությունն արագացնում է ռուսական 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը:
Արմեն Մարտիրոսյանը համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծն ուշացած է համարում. «Պետք է կտրուկ քայլեր արդեն իրականացված լինեին: Հենց սպառազինության առաջին խմբաքանակը Ադրբեջան գնաց, Հայաստանն արդեն քայլեր պետք է ձեռնարկեր: Սա որեւէ ձեւով չի արդարացնում հիմիկվա լայնամասշտաբ PR –ը, թե տեսեք, աշխատում ենք, ազգային շահ ենք պաշտպանում:
Կարդացեք նաև
Անկախ նրանից, որ ոչ լեգիտիմ են, կեղծված ընտրություններով, ոստիկանական մահակով, մարտի մեկով են իրենց իշխանությունը պահում, միեւնույնն է, պետք է մեր անվտանգությունը ապահովեն, բայց սեփական շահի հետեւից են»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, քառօրյա պատերազմում հայ զինվորների ոչ միայն սպառազինումն է անհամաչափ եղել, այլեւ. «Կան խոսակցություններ, որ զինվորները մինչեւ վերջին պարկուճը պայքարել են, խնդիրներն առաջացել են, երբ սպառազինությունն է վերջացել:
Զինվորի սպառազինությունը երբեք չպետք է կտրվի, պակասի: Թող իրենց վիլաները, ջիպերը , համակարգային կոռուպցիան, օֆշորային հաշիվները պակասեն: Սպառազինությունն այնպիսի իրավիճակում է վերջացել, երբ այնտեղ, երբեմն, ավտոմատով կարելի էր կռիվ անել: Այս ամենը իշխանությունների հանցավոր քաղաքականության արդյունք է, մեր զինվորներն իրենց արյամբ հատուցեցին: Մենք նորմալ դաշնակիցներ ունենալու, նոր սպառազինություն ձեռք բերելու, նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու բոլոր միջոցներն ունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ