Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմական գործողությունների ընթացքում տեղական լրատվամիջոցները շատ համախմբված աշխատեցին». Տիգրան Քոչարյան

Ապրիլ 13,2016 21:15

«Ադրբեջանի հաշվարկները, ըստ որոնց՝ հայ հասարակությունը պառակտված է, և պատերազմական գործողությունների ժամանակ տարաձայնություններն էլ ավելի կսրվեն, փաստորեն չարդարացան»,- «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի սպասելիքները վերջնականապես հօդս ցնդեցին հատկապես այն ժամանակ, երբ հազարավոր կամավորականներ շտապեցին սահման. «Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը մեծ էր նաև Սփյուռքում: ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա, բոլոր հայերը փորձում էին որևէ բանով օգնել»:

Պատերազմական գործողությունների ընթացքում այդ համախմբվածությունն ակնհայտ էր նաև տեղական լրատվամիջոցներում. «Ոչ մի կայք ապատեղեկատվություն չտարածեց: Եղան, իհարկե, մի քանիսը, որոնք փորձեցին «լայքեր» հավաքել կամ գովազդով գումար աշխատել, բայց դրանք չի էլ կարելի լրատվական կայքեր անվանել: Հիմնական ցանցն աշխատեց շատ համախմբված, և ադրբեջանական քարոզչական որևէ թեզ չգործեց»,- ընդգծեց Տիգրան Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղեկատվական քաղաքականությանը, բանախոսը նշեց, որ Ադրբեջանի ձեռնարկած տոտալ տեղեկատվական բլոկադան գործեց իր իսկ դեմ: Այլ կերպ ասած՝ իրենց պատրաստած տեղեկատվական ծուղակում հայտնվեցին հենց իրենք՝ ադրբեջանցիները:

Իսկ արտասահմանյան լրատվամիջոցները, ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետի, աշխատեցին հիմնականում շատ չեզոք կամ էլ ներկայացրին, որ ագրեսորն ու հարձակվողը Ադրբեջանն է եղել: Ռուսաստանի լրատվամիջոցներն էլ փորձեցին չկրկնել այն սխալները, որոնք արել էին «էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ և շատ ավելի օբյեկտիվ տեղեկատվություն տալ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930