Երևանի քաղաքապետարանի կողմից գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել, այդ թվում նաև՝ քաղաքաշինության ոլորտում: Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը Համաշխարհային բանկի խմբի «Doing Business» թիմի մասնավոր ոլորտի զարգացման մասնագետ Տիգրան Փարվանյանին են ներկայացրել ծրագրով 2015թ. ընթացքում և 2016թ. առաջին եռամսյակում քաղաքաշինական գործունեությանն անհրաժեշտ բոլոր թույլտվությունների տրամադրման աշխատանքները:
Մասնավորապես մատնանշվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» ծառայությունում դիմումների մուտքագրման մատչելիությունն ու պատասխանների, շինթույլտվությունների տրամադրման ժամկետների զգալի կրճատումը:
«Մենք նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում ենք ստեղծել «Doing Business» բաժինը, որով հնարավոր է ծանոթանալ բնակելի կառուցապատման և փոքր ու միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքների նախագծերի կատալոգներին: Բաժնում տեղադրված են նաև նախագծման ու շինթույլտվությունների, ինչպես նաև ավարտական ակտերի ուղեցույցերն ու ձևաթղթերը, որոնցով կառուցապատողները կարող են ծանոթանալ շինարարությանն անհրաժեշտ փաստաթղթերին և, որ ամենակարևորն է, առանց քաղաքապետարան այցելելու առցանց ներկայացնել դիմումը», – ընդգծել է Հայկ Ասատրյանը:
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում դիմումների առցանց ներբեռնման հնարավորությունը՝ ընդգծելով, որ այն արդեն լիարժեքորեն կիրառելի է: Ներկայացվել է նաև դեռևս 2004 թվականից շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարան