Չորսօրյա պատերազմի արձագանքները քաղաքական շրջանակներում քննարկումների ավանդույթ չունեցող Ստեփանակերտում ամենատարբեր կարծիքների տեղիք են տվել: Կատարվածի վերաբերյալ Արցախյան շարժման ու պատերազմի մասնակից Հովհաննես Վարդանյանի տեսակետն ուշագրավ է. այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
– Պարոն Վարդանյան, ի՞նչ է կատարվել իրականում՝ ըստ Ձեզ:
– Կարող եմ վստահաբար պնդել, որ մեր, այսպես կոչված, «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ վերազինեց Ադրբեջանի զինված ուժերը` տրամադրելով արդիական, ժամանակակից հարձակողական սպառազինություն` մեծ ավերածություններ իրականացնելու ընդունակ:
Անհեթեթ եւ առավել եւս վտանգավոր էին այն բոլոր` այսպես կոչված, հայ վերլուծաբանների եւ քաղաքագետների տեսակետները, որոնք իրականում ընդամենն արդարացնում էին Ռուսաստանի մոտեցումը` բացատրելով դա բիզնեսի եւ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին կառավարելու տրամաբանությամբ, լրիվ բացառելով այդ գործարքի իրական` հեռահար ռազմաքաղաքական նպատակները: Վաղուց հայտնի է, որ զենքի տրամադրումն ունի մի գլխավոր նպատակ` հասնել ռազմական եւ քաղաքական արդյունքների:
Կարդացեք նաև
Ավելորդ է նշել, որ Ռուսաստանից բացի՝ Ադրբեջանը խոշոր չափերի սպառազինություն է ստացել նաեւ Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից եւ իհարկե` Թուրքիայից: Դրա մասին ստույգ տեղեկություն կա, եւ այդ զենքն ադրբեջանցիները բազմիցս ի ցույց են հանել զինվորական շքերթների եւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում, ինչին, որ խիստ տարօրինակ էր, սառնասիրտ էր վերաբերվում Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավը, որը սվիններով էր վերաբերվում Մերձբալթիկայում եւ Ուկրաինայում ՆԱՏՕ-ական հինգ-վեց սպաների ներկայությանը:
Տարօրինակ էր, որ այսքանը չնկատեցին եւ չտեսան ոչ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում եւ ոչ էլ քաղաքական վերնախավում, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ձեռնարկել համապատասխան ու համարժեք քայլեր: Եվ ահա, այսպիսով ստեղծվեց հակամարտության մեջ գտնվող երկու կողմերի միջեւ հավասարակշռության կտրուկ խախտում` հօգուտ Ադրբեջանի:
– Ովքե՞ր հրահրեցին պատերազմը եւ ի՞նչ նպատակների պիտի հասնեին:
– Ակնհայտ է, որ Ալիեւի շուրթերից բազմիցս հնչել են Ադրբեջանի հավակնությունների մասին` ազատագրել «օկուպացված տարածքները» ռազմական ճանապարհով, ինչի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վ. Կազիմիրովն Ադրբեջանին անվանել է սպառնալիքների գծով աշխարհի չեմպիոն: Ու ակնհայտ էր վաղուց եւ բոլորին, որ Ադրբեջանն այն կշիռը չունի, որպեսզի ինքնակամ պատերազմ հրահրի` առանց դրսի խոշոր ուժերի հովանավորության: Եթե Թուրքիայի` Ադրբեջանին սատարելը ոչ մեկի համար գաղտնիք չէր, ապա, անկասկած, Ռուսաստանից Ադրբեջանին տրված «դաբրոն» մեզ համար տարօրինակ էր` հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց եւ անսպասելի էլ չէր: Այդ սկզբունքներին Ռուսաստանի վերնախավը հավատարիմ է մնացել դեռեւս 1992-ի ամռանից, երբ Արցախի հիմնախնդիրը տեղափոխվում էր ԵԱՀԿ-ի հարթակ: Մինչդեռ ռուսները փորձում էին հակամարտության կարգավորումը պահել միայն իրենց ձեռքում: Հրահրեցին այս պատերազմական գործողությունները Ռուսաստանը և Թուրքիան` նպատակ ունենալով Ադրբեջանի ռազմական հաջողությունների ֆոնին բարելավել որերորդ անգամ ռուս-թուրքական-ադրբեջանական հարաբերությունները, այս էլ որերորդ անգամ հեղելով հայի արյունը եւ նպատակ ունենալով այսօրվա Արցախի զգալի մասը տալ Ադրբեջանին` ստեղծելով արցախահայության համար հեռանկարում վերջնական ցեղասպանության իրական վտանգ:
Ըստ իս՝ Ադրբեջանի զորքերն առաջին երկու օրվա ընթացքում, օգտագործելով թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները, «Գորշ գայլերի» եւ ԻԼԻՊ-ի ջոկատները, պիտի գրավեին մեր առաջին գիծը` հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ զրահատեխնիկայի ճեղքումով կտրեին մեր հարավային եւ հյուսիսային ուժերն իրարից` ստեղծելով անհրաժեշտություն կենտրոնական` Աղդամի ուղղությունից (որտեղ եւ կենտրոնացված էին հակառակորդի զրահատեխնիկայի եւ հրթիռահամազարկային տեխնիկայի մեծ մասը) օգնության համար ուժեր տեղաշարժել հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչի արդյունքում հայկական ուժերի` Աղդամի ուղղությամբ ճակատում կստեղծվեր անհուսալի դրություն, որի արդյունքում անհնար կլիներ կանխարգելել ադրբեջանական զորքերի, մասնավորապես, զրահատեխնիկայի առաջխաղացումը մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Շփման գծի ողջ երկայնքով խորանալով 10-15 կմ, գրավելով Ասկերանն ու Իվանյանը (Խոջալու), գնդակոծելով Ստեփանակերտն ու մերձակա բնակավայրերը՝ հայկական կողմի համար կստեղծվեր ծանրագույն իրավիճակ, ինչը պաշտոնական Երեւանին կստիպեր դիմել Մոսկվային եւ խնդրել միջամտելու պատերազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով: Հենց այս սցենարի համար էր, որ Դաղստանում` Ադրբեջանի սահմանի մոտ, ռուսները «պատահաբար» զորավարժություններ էին անցկացնում, որին ներգրավված տեխնիկան միայն հասնում էր …300-ի: Վայրէջք կատարելով Ստեփանակերտի օդանավակայանում եւ կանգնեցնելով արյունահեղությունը՝ «խաղաղարար դեսանտը» պիտի մտներ Ստեփանակերտ եւ Աֆղանստանի` իր իսկ կողմից 1979-ին իրականացված օպերացիայի նմանությամբ վերացներ Արցախի ընտրված իշխանություններին (ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացում) եւ գեներալ-նահանգապետ նշանակեր մի նոր Պոլյանիչկոյի եւ կամ դավաճան հայ գործչի: Այս դեպքում ռուսները խաղաղապահի դիմակով քողարկված՝ կստանային մենաշնորհ, քարտ-բլանշ` Արցախյան հարցի լուծման գործում: Անկասկած, ռուսների ձեռքով պիտի գծվեին Արցախի նոր սահմանները` որերորդ անգամ մեր տարածքները պիտի նվիրվեին Ադրբեջանին` մարդկային քաղաքակրթության հակոտնյա գործոնին: Հերթական անգամ կստեղծվեր ռուս-թուրքա-ադրբեջանական բարեկամությունը, ինչի արդյունքում նաեւ Ադրբեջանը կանցներ ռուսական ազդեցության ոլորտ` ԵԱՏՄ մտնելու տեսքով, ինչի մասին, ավելի քան վստահ եմ, պայմանավորվածություն է եղել մինչեւ բուն պատերազմական գործողությունների սկիզբը:
– Իսկ ինչպիսի՞ զարգացումներ պիտի լինեին Հայաստանում:
– Ակնհայտ է, որ մեր դեմ հրահրված սադրանքի հովանավորները չեն սպասել, որ Հայաստանի եւ Սփյուռքի հայությունը, մի կողմ դնելով տարաձայնությունները, կհամախմբվեին Արցախի շուրջ, ինչը, նշենք, լրջագույն գործոն է: Բնականաբար, Հայաստանում անխուսափելիորեն իշխանափոխություն կլիներ, ոմանց կտանեին Մոսկվա` Յանուկովիչին հարեւան, Ռուսաստանն էլ բոլոր առումներով կկորցներ Հայաստանը: Իսկ Ալիեւը, հավատարիմ պատմական փորձին, անպայման կքցեր ռուսներին` ընդունելով իրենց համար բնական եւ ավանդական դիրքորոշումը դեպի Թուրքիա: Ռուսներն էլ կկանգնեին Այսրկովկասում ազդեցության անվերադարձ կորստի փաստի առջեւ: Այս հրեշավոր ծրագիրը չիրականացավ` շնորհիվ մեր հերոս մարտիկների: Եվ փառք Աստծո, որ տապալվեց:
– Իսկ ինչպե՞ս կարող եք հաստատել ձեր պնդումները:
– Պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահն իր խոսնակի շուրթերով երեք օր միայն ինչ-որ մտահոգություններ էր հայտնում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Եվ միայն չորրորդ օրը, երբ տապալվեց ծրագիրը, նոր միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույց ունենալուց հետո դադարեցվեցին պատերազմական գործողությունները: Մինչդեռ մեզ համար պետք է պարզից էլ պարզ լինի, որ պատերազմական գործողությունները դադարել են ոչ թե այդ զանգերի շնորհիվ, այլ մեր հերոս տղաների քաջության շնորհիվ: Ավելի ճիշտ է Ադրբեջանին սպառազինություններ չտրամադրելը, քան հայտնել պարզապես մտահոգություն եւ վարել հեռախոսազրույցներ: Ի վերջո, Ռուսաստանը պիտի կողմնորոշվի` ինչ է ինքն ուզում, ով է նրա ռազմավարական դաշնակիցը եւ ով է մարդկային քաղաքակրթության թշնամին: Ավելորդ է ասել նաեւ, որ բացատրություն, թե ինչու Ադրբեջանին տրամադրված զենքը հայտնվեց նաեւ ԻԼԻՊ-ականների եւ «Գորշ գայլերի» ձեռքում, բնության մեջ պարզապես չի կարող լինել:
Եվ վերջում` մենք մի դաշնակից ունենք միայն, ով երբեք չի դավաճանի մեզ` դա Աստված է: Պահապան Նա մեզ եւ մեր բանակին:
Հարցազրույցը՝
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ
Ստեփանակերտ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2016