Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայերի աջակցությունը զինվորների ընտանիքներին

Ապրիլ 13,2016 17:21

Դեռ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրերին, այնուհետև՝ արցախյան գոյապայքարի առաջին օրվանից մինչև զինադադար, ջավախահայությունը գտնվել է աղետի գոտուց տուժածների, ՀՀ-ում և Արցախում պայքարող իր հայրենակիցների կողքին: Բազմաթիվ ջավախքցիների մոտ մինչ օրս, որպես այդ օրերի թանկագին հիշողություն, պահպանվում են այն բոլոր կտրոնները, շնորհակալագրերն ու այլևայլ գրությունները, որոնց միջոցով ՀՀ-ի ու արցախյան բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական և այլ կազմակերպություններ երախտիքի ջերմ տողեր են հղել հայրենանվեր գործի կազմակերպիչներին: Դեռ փոքր էի, երբ մեր տանը գտա Հայոց Համազգային Շարժման վարչության շնորհակալագիրը, որով ցուցաբերած օգնության համար (կարտոֆիլ՝ 130 պարկ, ալյուր՝ 80 պարկ), ՀՀՇ վարչությունն իր շնորհակալությունն էր հայտնում Ջավախքի Ղադո գյուղի բնակիչներին: 1990 թ. օգոստոսի 6-ով թվագրվող շնորհակալագիրն ստորագրել էր ՀՀՇ վարչության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Հետագայում Ջավախքի բազմաթիվ բնակավայրերից հավաքեցինք  այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր, և «Ջավախահայության մարդկային և նյութական աջակցությունն արցախյան ազատամարտին» թեման դարձավ 1990-ական թթ. ջավախքյան  իրադարձությունները  ներկայացնող մեր գիտական աշխատանքի ամբողջական գլուխներից մեկը:

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ևս անտարբեր չէր կարող թողնել ջավախահայությանը: Այդ օրերին արցախյան հևքով ապրող մեր հայրենակիցների շրջանում հասունացած այն միտքը, որ պետք է կրկին կանգնել պայքարի ելածների կողքին, գործնական հողի վրա դրվեց նաև Ախալքալաքի Ագանա գյուղում: Գյուղի նվիրյալ ուսուցիչ Գևորգ Վաթոյանի խոսքերով՝ երբ հայտարարվեց զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն կազմակերպելու մասին, մեկ մարդու նման ոտքի կանգնեց ողջ գյուղը, և կարճ ժամանակում հավաքագրվեց կարտոֆիլ, պանիր ու դրամագլուխ՝ ավելի քան 1.000 ԱՄՆ դոլարի չափով: Գյուղի հասարակությունը որոշեց հավաքված օժանդակությունը մի խումբ երիտասարդների միջոցով հասցնել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղ և հանձնել զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին: Հարցին՝ թե ինչու են որոշել հենց այս ընտանիքին աջակցել, ՀՀ այցելած Ագանա գյուղի երիտասարդները պատասխանեցին, որ իրենց համար բոլոր զոհերն էլ սուրբ նահատակներ են, այդուհանդերձ, գյուղին առավել շատ է հուզել այս զինվորի ընտանիքի դրությունը, և համագյուղացիներն իրենց խնդրել են օժանդակության մեծ մասը տանել Արտաշավան:

Ապրիլի 13-ին Ջավախքի Ագանա գյուղից հերոս զինվորի հայրենի Արտաշավան ներկայացավ երիտասարդների խումբը և մթերքով բեռնված մեքենայի ողջ պարունակությունը դրամագլխի մեծ մասի հետ մեկտեղ հանձնեց Քյարամ Սլոյանի ընտանիքին: Տղաներն այցելեցին նաև զինվորի գերեզմանին: Ցուցաբերած օժանդակության համար ջավախահայությանն ու մասնավորապես Ագանա գյուղի բնակիչներին իր երախտագիտությունը հայտնեց նաև Արտաշավանի գյուղապետը՝ արցախյան ազատամարտի մասնակից Ղազար Կարապետյանը:

Հավաքված դրամագլխի մնացած մասը երիտասարդները նույն օրը հանձնեցին ապրիլյան պատերազմում ընկած մեկ այլ զինվորի՝ Տիգրան Բերակչյանի հարազատներին: Հավելենք, որ Տ. Բերակչյանը սերում է Ջավախքի Լոմատուրցխ գյուղից:

 

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930