Լրահոս
Օրվա լրահոսը

Մորը սփոփում են հուղարկավորության ժամանակ. «Դուք տվեցիք մեզ ուժեղ զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2016 17:05

«Եռաբլուրում մեր պատմական հերոսների կողքին այսօրվանից կհանգչի մերօրյա հերոս, 19-ամյա Ադամ Սահակյանը»,- այսօր սերժանտ, 1996 թվ.-ին ծնված հերոս Ադամ Սահակյանի հուղարկավորությունն էր, եւ ՊՆ պաշտոնյաները սփոփանքի խոսքեր էին ասում զինվորի ծնողներին:

Ադամը ապագա ճարտարապետ-դիզայներ է, ուսումը կիսատ է թողել՝ Արցախում ծառայելու համար. «Երիտասարդ, ավյունով ու կորովով լեցուն Ադամը ծառայության առաջին իսկ օրից աչքի է ընկել ընդգծված համեստությամբ, ինչը աննկատ չի մնացել հրամանատարների կողմից: Ադամը կրտսեր սերժանտի կոչում ունենալով, դիրքի հրամանատարի պարտականություններն է ստանձնել: Հայրենիքի սահմանների պահպանության պատվաբեր առաքելությունը Ադամի համար սուրբ է եւ նվիրական: Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը հայոց հողը ներխուժած նենգ ու բարբարոս թշնամու հարձակումը պետք է կանխվեր՝ ինչ գնով էլ լինի: Ադամը ղեկավարեց իրեն վստահված դիրքի պաշտպանությունը: 18 տարեկան տղաները կռվում էին հատուկ պատրաստություն անցած պայմանագրային դիվերսանտների հարյուրավոր ոհմակի դեմ: Տղերքը կռվեցին, պայքարեցին մինչեւ վերջ, տղերքը նահատակվեցին: Սիրելի՛ Ադամ, մենք երախտապարտ ենք քեզ քո հերոսական կերպարի համար: Դու լքեցիր երկրային կյանքն ու միացար անմահներին: Ամեն անգամ խորը կսկիծով պիտի հիշենք քո կորուստը»,- Ադամի դագաղի մոտ ՊՆ-ի անունից այսպիսի ցավակցություն հայտնեցին:

Adam_Sahakyan_9 Adam_Sahakyan_7 Adam_Sahakyan_6 Adam_Sahakyan_5 Adam_Sahakyan_4 Adam_Sahakyan_3 Adam_Sahakyan_2 Adam_Sahakyan_1

Այնուհետեւ դիմելով Ադամի ծնողներին՝ ՊՆ պաշտոնյան ասաց. «Հարգելի՛ տեր եւ տիկին Սահակյաններ, մենք խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալություն հայտնում հայրենասեր եւ քաջարի որդի դաստիարակելու համար: Դուք տվեցիք մեզ դաստիարակված, ուժեղ, մարդկային բարձր որակներով օժտված զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս, ազգի՛ հերոս: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել եւ այսօր էլ մարտնչում են՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիվը»:

Ադամի մայրը հուղարկավորության ժամանակ «պատսպարվել» էր եկեղեցում՝ իր վշտի հետ: Եղբայրը տեղը չէր գտնում, իսկ հոր արցունքները զինաթափ էին անում ու հուզում հուղարկավորությանը ներկա պաշտոնյաներին՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930