Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մենք $25 մլն չունեի՞նք՝ «Սոլնցեպյոկ» առնեինք

Ապրիլ 13,2016 17:30

Ադրբեջանի կորուստներն ու հայկական կողմի ծախսերը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրերս «Շանթի» եթերում պատասխանելով իշխանության հասցեին սոցցանցերում հնչող այն քննադատություններին, որ «քո մեքենան ծախիր՝ TOC-1 A առ», եւ համեմատելով զինտեխնիկայի գները շքեղ մեքենաների գների հետ՝ ասաց. «Երբեմն ծիծաղելի են նման մեկնաբանությունները: Մի համակարգը, որ արժե 30-40 մլն դոլար, այդ մեքենաներից չգիտեմ քանի հազար հատ պետք է ծախել, որ առնեն: Երեւի այդքան մեքենա չկա էլ ՀՀ-ում»:

Սակայն քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ խոսքը բոլորովին էլ աստղաբաշխական գումարների մասին չէ: Նա մի հաշվարկ է կատարել, թե 4-օրյա պատերազմի արդյունքում որքան կորուստ է ունեցել հակառակորդը եւ հայկական կողմը: Ըստ այդ հաշվարկի՝ օրինակ, այդ «Սոլնցեպյոկի»՝ TOC-1 A-ի արժեքը 25 մլն դոլար է. «Ադրբեջանական կողմի ՄԻ-24 եւ ՄԻ-35 ոչնչացված ուղղաթիռների գները տատանվում են 15-18 մլն դոլարի շրջակայքում, երկուսն իրար հետ՝ շուրջ 33 մլն: Խփված 24 տանկերի մեջ եղել են ե՛ւ Տ-90 Ս (T-90C)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 3,2 մլն դոլար է, ե՛ւ Տ-72 (T-72)՝ յուրաքանչյուրի գինը շուրջ 0,5 մլն դոլար: Եթե միջինացված թվեր վերցնենք, կորուստը ընդամենը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար: Խփված եւ կորցրած 14 անօդաչու թռչող սարքերի գինը տատանվում է 0,5-ից մինչեւ 12 մլն դոլար՝ կախված տեսակից, այնպես որ՝ նվազագույն հաշվարկով կորուստը կազմում է 25-35 մլն դոլար: Խփված 5 ՀՄՄ-ներից (ըԾկ-3) յուրաքանչյուրի գինը 4-5 մլն է, ընդամենը նվազագույնը՝ 20 մլն դոլար:

Խփված ԲՄ-21 («Գրադ») հրթիռա-հրետանային համակարգի արժեքն է շուրջ 1 մլն դոլար:
Այսպիսով, Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 4 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար»: Եթե սրան գումարվում են ծախսված հրթիռների, արկերի, բնակիչների տեղափոխման, ռազմական գործողությունների նյութական ապահովման եւ այլ հարակից ծախսերը, ըստ պարոն Խուրշուդյանի, կավելանա եւս 10-15 մլն դոլար: Իսկ Արցախի զինտեխնիկայի կորուստը գնահատվում է մոտ 14 մլն դոլար:

Այնպես որ՝ զինտեխնիկայի գները ճշտելով՝ պարոն Խուրշուդյանը Արծրուն Հովհաննիսյանին հակադարձեց. «Ափսոսում եմ, որ հարգարժան Արծրուն Հովհաննիսյանը փորձում է արդարացնել երկրի քաղաքական ղեկավարությանը «փող չլինելու» մասով: Կարծում եմ՝ լավ կլինի, որպեսզի նա շարունակի մեկնաբանություններ տալ բացառապես ռազմական հարցերի շուրջ, մանավանդ որ իր ուղիղ պարտականությունները, իմ կարծիքով, նա բավականին արհեստավարժ կատարեց: Ինչ վերաբերում է փողին, ապա այդ փողի տեղը ցույց տալը այլ ոլորտի փորձագետների ու նաեւ քաղաքական գործիչների գործն է: Կարող եք համադրել այդ գումարները ինտերնետում, տարբեր հարցազրույցներում հնչած թվերի հետ եւ կտեսնեք, որ աստղաբաշխական գումարներ չեն: Ցանկություն եթե լինի, քաղաքական կամք լինի չթալանելու՝ դրանք կարելի է գնել: Օրինակ՝ Դիլիջանում այդ թրեյնինգ կենտրոնը որ կառուցվում է, արդեն 40 մլրդ դրամ ծախսվել է, դրա կեսի չափ էլ դեռ ծախսվելու է: Այսինքն՝ դա աստղաբաշխական թիվ չի՞: Հարկայինի աշխատողների համար թենիս կորտերով, սաունաներով, լողավազաններով այդ կենտրոնի համար ունենք այդ աստղաբաշխական գումարները, իսկ դրա տասնապատիկ պակաս գումարը՝ տարրական տեխնիկական սարքավորումներով սահմանն ապահովելու, խայտառակ միջնադարյան այդ մեթոդաբանությամբ հակառակորդի մոտեցումը բացահայտելու, պահածոների տուփերը փոխարինելու համար մենք նույնիսկ այդ մի քանի միլիոնը չունենք, հա՞: Դա աբսուրդ է: Եթե թալանի մասին էլ չենք խոսում, խոսում ենք զուտ այսօրվա պաշտոնական գույքերի վրա ծախսերի մասին, ի՞նչ է նշանակում սիգարետի կտրիչ առնել, ձկան համար հատուկ չափի պատառաքաղներ առնել, ու դրանք միլիոնավոր դրամներ արժեն: Սա ապազգայնության, պետական հանցագործության գագաթնակետն է: Սրանք աղաղակող փաստեր են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երևի դեռ լավ չի ընկալում որ հայ ժողովրդի համար իր ամեն զավակի կորուստը իրենց բոլորի մեքենաներից, կահավորանքից, ձրիակեր իշխանավորիկների ու թալանչի չինովնիկների արդ ու զարդարանքից առավել է: Իր արտահայտություններում թող մի փոքր զգույշ լինի և չփորձի արդարացնել իր շրջապատող կեղծարարների շորթումները, ժողովուրդը շատ բռնկված է այս կորուստներից ու նախագահի հայտարարությունից, որ 80-ականների զենքով են կռվում մեր երեխաները, այո մեր ոչ թե ձեր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930