Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ո՞ւր է Ռուսաստանում մեր դեսպանը, ինչո՞վ է նա զբաղվում»

Ապրիլ 13,2016 16:52

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը զարմացած է, թե 21-րդ դարում ի՞նչ է նշանակում հանկարծակի հարձակում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով քառօրյա պատերազմի դասերի մասին, նա մտահոգություն հայտնեց, թե ինչու մենք պիտի չունենայինք այն գերժամանակակից սարքավորումները, որ դա անհնարին լիներ:

Հրապարակախոսը մտահոգություն հայտնեց, թե «զոհերը մեր բոլորի խղճի վրա են»: Նա շեշտեց, թե արագ, ամիսների ընթացքում պիտի արդիականացվի մեր բանակը, քանի որ այսպիսի աշխարհագրական դիրքում ապրելով և նման քաղաքական հարաբերությունների մեջ լինելով` այլ ճանապարհ չունենք:

«Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահեցրեց, որ պատասխանատվությունն ընկնում է գործող իշխանության վրա. «Այդ իշխանությունը, գործող նախագահը, ինչպես Հրանուշ Խառատյանն էր ասում, պետք է հանդես գա ժողովրդի առաջ և ընդունի իր մեղքերը, մեղա գար: Այսօր հասարակությունը սպասում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք 25 տարվա մեջ անհասկանալի պատճառներով դարձել են միլիոնատերեր, պիտի վերադարձնեն այդ միլիոնները սպառազինություն, բանակ, զինվորականների ընտանիքներ»:

Տիկին Բախշյանը նշեց, թե հիմա էլ կան մարդիկ, որոնք այս խառն իրավիճակից օգտվելով, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ. «Պայմանագրայինները գնացել են, նրանց բացի աշխատավարձից գործուղում են նշանակել, հետո ասել են, թե գումար չկա, նրանք էլ հրաժարվել են»:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը վրդովվեց, թե ո՞վ է ասել, որ մենք հաղթեցինք. «Ամոթ է: Մեր երեխաների վրա հարձակվում են, իսկ ո՞ւր է մեր հետախուզությունը: Որտե՞ղ է գրված, որ սա հաղթանակ է: Սեյրան Օհանյանին ես մի հարց տվեցի, դու չէի՞ր սպասի այդ վտանգին, պատասխանեց, թե մենք կարծում էինք, թե նրանք այնքան խոհեմություն կունենային: Թուրքը` խոհեմությո՞ւն, ի՞նչ է ասում: Մի մոռացեք, որ մենք գործ ունենք նորին մեծություն մուսուլման ժողովրդի հետ, որը սրբություն չունի»: Դառնալով մեր իշխանություններին`ասաց. «Խաբել են, որ զորք ունենք, խաբել են, որ տեխնիկա ունենք»:

Աշխարհաքաղաքական իրադրության մասին և Հայաստանի` դեպի ԵՏՄ ընտրության մասին խոսելով`տիկին Բախշյանը նշեց. «Մեզ համոզում էին, որ դա մեր անվտանգության համար է արվում: Իսկ հիմա ո՞ւր է վարչապետը»:

Կարինե Հակոբյանը մտահոգություն հայտնեց, թե մենք այնքան ենք կորցրել մեր անկախության աստիճանը, որ մեզ թույլ չեն տալիս ինքնուրույն որոշում կայացնել: Սակայն տիկին Հակոբյանը նաև խնդիրը ներքաղաքական դաշտում է տեսնում. «Խնդիրը, իհարկե, նաև ներքաղաքական է: Ինձ ապշեցրեց այն, որ հենց հաջորդ օրը ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց: Դա ցույց տվեց, որ ԱԺ-ն դարձել է մի կցակառույց, որը որևէ ներգործող քաղաքականություն չի վարում»:

Տիկին Բախշյանը դժգոհ է մեր դիվանագիտությունից. «Դիվանագետների մի հստակ բանակի մի գիշերում գործից ազատեցին: Այնտեղ ինչպիսի կայացած մարդիկ կային… Արա Պապյանը ԱԳ պատրաստի նախարար է, այսօր նա անգործ է: Դիվանագետներ, որոնք մեր ինքնիշխանության համար ճակատ կտան, նրանք այսօր չեն գործում: Ո՞ւր է Ռուսաստանում մեր դեսպանը, ինչո՞վ է նա զբաղվում, ի՞նչ է անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930