Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Դատարանի որոշումը՝ չլուսաբանել դռնբաց դատական նիստը, ակնհայտ ապօրինի է»

Ապրիլ 13,2016 16:44

«Եթե դատական նիստը դռնբաց է, ապա դա նշանակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու պայմանները բացակայում են, ուստի՝ չկան այնպիսի տվյալներ, որոնց հրապարակումը թույլատրելի չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ապրիլի 13-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմանը՝ արգելել ընտրակեղծարարության գործով դատական նիստի լուսաբանումը:

Նա նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է որոշակի դեպքեր, որ որոշակի պայմաններում, օրինակ, մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերվում է անձի անձնական կյանքին, պետական գաղտնիքին, որոնց դեպքում դատական նիստն անցնում է դռնփակության պայմաններում. «Միայն այն հանգամանքը, որ դատական նիստը անցկացվել է դռնբաց, նշանակում է, որ հրապարակային դատավարություն է, եւ հրապարակային դատավարության իմաստն էլ այն է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում տվյալ դատական նիստին: Առավել եւս՝ եթե խոսքը վերաբերում է այնպիսի դատական նիստին, որը ընտրությունների հետ է կապված: Մենք գիտենք, որ հասարակությունը շահագրգռված է, որ տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում, անձինք պատասխանատվության ենթարկվո՞ւմ են, թե՞ չեն ենթարկվում: Դատարանի որոշումը՝ չլուսաբանել դռնբաց դատական նիստը ակնհայտ ապօրինի է»:

Լուսինե Սահակյանը ընդգծեց՝ եթե անձի անձնական տվյալները գաղտնի են, կան այնպիսի տվյալներ, որոնք պետք է գաղտնի պահվեն, ուրեմն՝ դռնփակ դատական նիստ պետք է անցկացվի. «Միայն այն, որ դատական նիստի դահլիճում նստած անձինք  արդեն իսկ լսում են այդ տվյալները, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ տվյալները գաղտնի լինել չեն կարող»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ամբաստանյալի ցանկությունը՝ չհրապարակել իր անունը, կարո՞ղ է նման որոշում կայացնելու հիմք հանդիսանալ: Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Ո՛չ, չի կարող հիմք հանդիսանալ, որովհետեւ ոչ մի անձ, որը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, չի ցանկանա, որ իր անունը հրապարակվի եւ ընդհանրապես իր գործը լուսաբանվի: Եթե իհարկե՛, խոսքն այն մասին չէ, որ անձը ակնհայտ անմեղ է: Նման պայմաններում, իհարկե՛, անձինք իրենք են շահագրգիռ, որ իրենց գործը լուսաբանվի: Մնացած բոլոր պայմաններում կստացվեր, որ լրագրողներն ընդհանրապես չպիտի լուսաբանեն դատական նիստերը, որովհետեւ ոչ մի ամբաստանյալ էլ չի ցանկանա, որ իր տվյալները հրապարակվեն եւ ընդհանրապես գործը լուսաբանվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ Ալեքսանյան says:

    Հարգելի Ամի Չիչակյան, Վեներա Թորոսյանին վերաբերոող դատական նիստը ոչ միայն պետք է լուսաբանվի, այլեւ պետք է տարածվի ֆեյսբուքով եւ այլ սոցիալական ցանցերով։ Վեներա Թորոսյանը միայն հանցագործ չէ։ Նրա խղճին են նաեւ երկու լուսավոր երիտասարդների ճակատագրեր, ովքեր իր հանցավոր գործունեության հետեւանքով հայտնվել են ամբաստանյալի աթոռին։ ԵԹե ինքը Նարեկ Ալեքսանյանի փոխարեն չքվեարկեր, վերջինս ստիպված չէր լինելու ուրիշ տողում ստորագրել եւ դրա համար դատապարտվել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930