Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Մոսկվան հրադադար պարտադրեց

Ապրիլ 13,2016 17:00

Եկան, տեսան, գնացին

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատասխանատուի հարցը հստակեցնելուց միջազգային հանրությունը խուսափում է: Այստեղ մեծ դեր խաղաց Ռուսաստանը, որը ապրիլի 2-ից ռազմական գործողություններից ընդամենը մի քանի ժամ անց իրավիճակի վերաբերյալ ամենաակտիվ արձագանքողը դարձավ, իսկ հետագայում նաեւ` հիմնական թելադրողը:

Անցյալ շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում ամփոփելով տարածաշրջանային իրենց այցը՝ փաստեցին, որ իրենց առաջնահերթ նպատակները կողմերին իրավիճակի կայունացման հարցում օգնելն է եւ նպաստելը, որ ռազմական գործողությունների չկրկնվելուն միտված քայլեր ձեռնարկվեն, այսինքն` կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնեն:

Ամենասպասված հարցի առնչությամբ հնչեց ամենահիասթափեցնող պատասխանը. «Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն անցկացնելու պարտավորություն՝ ճշտելու համար, թե ով է առաջինը սկսել եւ ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Մեր զրույցների հիմնական եզրակացությունն այն էր, որ կողմերը մտադիր են, առնվազն ցուցաբերում են պատրաստակամություն՝ պահպանելու հրադադարը, որը ձեռք է բերվել Մոսկվայում»,- նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Սա ասվեց այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ստեփանակերտում եղած ժամանակ Բաքուն ադրբեջանական անօդաչու սարք էր ուղարկել Ստեփանակերտ: Գումարած` ադրբեջանական բանակը գործել է ահաբեկչական խմբավորումների նման` հայ զինծառայողների ու Թալիշի խաղաղ երկու բնակիչների մարմինները խոշտանգելով: Բացի այդ` Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելով` «ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր…

Մի՞թե նման փաստերի առկայության պայմաններում պետք է սահմանափակվել՝ հայտարարելով, թե «խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ»:

Մի քանի ամիս միջնորդները չկարողացան Բաքվից դրական պատասխան ստանալ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման իրենց իսկ առաջարկի առնչությամբ: Դրա կիրառումը թույլ էր տալու արձանագրել, թե որ կողմն է խախտում հրադադարը: Ինչո՞ւ դա կյանքի չկոչվեց, որպեսզի չֆիքսվի՞ Ալիեւի ապրիլյան հարձակումը: Ո՞ւմ էր ձեռնտու պատասխանատուին «փրկելը»:

Մոսկվան` դիրիժորի դերում

Ակնհայտ է, որ ապրիլի 2-ից Մոսկվան իր ձեռքը վերցրեց ղարաբաղյան կարգավորման ղեկը: Սա մի կողմից նշանակում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի էական թուլացում, կրկին` ո՛չ հրադադար, ո՛չ ռազմական թեժ գործողությունների փուլ եւ նոր՝ հայկական կողմի համար բարդ բանակցություններ:

Զուգահեռաբար Ալիեւը շարունակելու է լարված պահել իրավիճակը: Թե ղարաբաղյան շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն այսօր էլ պահպանվում է. հայ դիրքապահների ուղղությամբ շարունակում են կիրառվել հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանետներ, բայց Մոսկվան լայնածավալ քարոզչություն է իրականացնում այն մասին, որ ի շնորհիվ Ռուսաստանի հրադադար է կնքվել: Սակայն Մոսկվան խուսափում է մատնանշել պատերազմը սանձազերծողին, զերծ է մնում այս փուլում բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ-ի վերադարձի` հայկական կողմի պահանջի շուրջ տեսակետը հստակ ձեւակերպելուց:

Հիշեցնենք, որ Ալիեւի սանձազերծած պատերազմի չորրորդ օրը կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք բերվեց Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Այս լուրը ստացվեց կառավարության նիստում ապրիլի 6-ին, այն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ նախորդ օրը Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳՇ պետերը, ու ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն անցկացրեց Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել էր «հայ-ադրբեջանական հակամարտության թեման՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում»:

Մոսկվան այսօր էլ շարունակում է ղարաբաղյան զարկերակի վրա պահել ձեռքը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 11-ին հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունը: «Մենք մտահոգ ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում պահպանել զինված բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց խախտում, եւ, բնականաբար, շահագրգռված ենք, որ քաղաքական պլանում դրական փոփոխություններ կատարվեն այդ բավական ոչ պարզ հակամարտության կարգավորման մասին պայմանավորվածությանը հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։
Ապրիլի 10-ին, համաձայն ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել են ԼՂ հակամարտության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։

Լավրովը 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ ծավալուն հարցազրույց տվեց ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որում նշեց. «Մենք հետեւում ենք իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան այս ռեժիմին։ Շատ կարեւոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համատեղ հայտարարություններում՝ դեռեւս 3-4 տարի առաջ»։ Նա որոշակի մանրամասներ էր բացահայտել բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդեւը առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը՝ Ղարաբաղին կից շրջանները ազատելով, միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաեւ առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռեւս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի, եւ դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին եւ կիրառության մեջ դնել դրանք»։

Մոսկվան չի թաքցնում, որ առանձին է ձգտում պայմանավորվածությունների հասնել հակամարտության կողմերի հետ: Լավրովն այդ օրն արդեն իսկ խոսում էր Ռուսաստանի գործոնի մասին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաեւ սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիեւի հետ մենք քննարկել ենք նաեւ այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։

Հայաստանին մեկուսացնում են

Այսօր միջազգային հանրությունն էլ, կարծես, արդեն փաստում է, որ հանձնել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ղեկը Մոսկվային, ելնելով այն փաստից, որ հրադադարի պայմանավորվածության հաջողվել է հասնել ռուսական կողմի ջանքերով: Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերն, օրինակ, նշել է, որ իրավիճակը ԼՂ-ում բարելավվել է Մոսկվայի ջանքերի շնորհիվ. «ԼՂ հակամարտության ներկայիս սրումը լուրջ, կարեւոր հարց է։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն տարածաշրջանը բարդ է, հակամարտությունների սրման վտանգ կա։ Անհրաժեշտ ենք համարում կառուցվածքային բանակցությունների, երկխոսության սկսումը, որ վերջապես այդ հարցում լուծում գտնվի»:

Մինչդեռ Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեին Ջաբիրի Անսարին կարծիք է հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է օտար խաղացողներին թույլատրեն տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել` հույս հայտնելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով։

Իսկ պաշտոնական Բաքուն այսօր ունենալով թե Անկարայի, թե Մոսկվայի աջակցությունը՝ կարծես ավելի է ձգտում ի ցույց դնել Հայաստանի մեկուսացվածությունը: Մինչ ԵՏՄ վարչապետները խուսափեցին Երեւան ժամանել, իսկ Հայաստանում կրկին թեժացել է հարցը, թե որքանով է անկեղծ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, Անկարան ու Բաքուն առաջիկայում դարձյալ վստահաբար կխոսեն ԼՂ հակամարտության մասին եւ, անկասկած, կրկին ի ցույց կդնեն իրենց միասնական դիրքորոշումը ԼՂ հարցում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Թուրքիա: Ստամբուլում մեկնարկում է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Ապրիլի 14-15-ը անցկացվելիք ԻՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Թուրքիա է մեկնելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջիկայում նախատեսում են հանդիպել Բաքվում։ Ըստ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության` երեք երկրների նախագահների քննարկման հիմնական նյութը կվերաբերի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Չնայած երեք երկրների նախագահների հանդիպման օրակարգի մասին ոչինչ չի հայտարարվել պաշտոնապես, սակայն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում ասել էր, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերը կլինեն Կասպյան տարածաշրջանում անվտանգության համագործակցության հարցերը։
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ոչ միայն Ղարաբաղյան ճակատում իրավիճակն է վերահսկողության տակ վերցրել, այլեւ առաջիկայում Հայաստանի փոխարեն բանակցություններ է տանելու Ղարաբաղյան խնդրով գործընկերների հետ, բնականաբար, ի շահ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի ու Արցախի:

Իսկ պաշտոնական Երեւանին մնացել է վազել ԵՏՄ-ի շրջանակներում ինչ-որ միջոցառումների հետեւից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Ամփոփումը` «Առավոտ»-ի ապրիլի 14-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930