Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ լրագրողին ասել՝ մի լուսաբանի»

Ապրիլ 13,2016 16:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Վեներա Թորոսյանի գործի քննության ընթացքում դատարանը արգելել է Aravot.am-ին լուսաբանել դատական նիստը:

Այս խնդրի մասին խոսեցինք իրավաբան Արա Ղազարյանի հետ: Նա նշեց, որ լրագրողի իրավունքը պետք է հարգել, իսկ եթե չլուսաբանելու համար չափազանց լուրջ պատճառ կար, այդ ժամանակ դատական նիստը դռնփակ պետք է անցկացնել:

«Նույնիսկ չեք ձայնագրել, այսինքն՝ միջամտությունը նվազ եք պահում: Միեւնույն ժամանակ, ընտրակեղծիքը այսպես թե այնպես, նույնիսկ եթե մեծ հանրային հետաքրքրություն չի ներկայացնում տվյալ գործը, բայց թեման ինքը հանրությանը հետաքրքրում է: Այսինքն՝ դուք դա կարող եք հանգիստ լուսաբանել: Եթե դատավորը ասել է, որ դուք չպետք է նաեւ լուսաբանեք, բայց որոշում չի կայացրել, ուրեմն՝ դուք պարտավոր չեք հետեւել դատավորի նման հրահանգին»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք թե ինչ որոշման մասին է խոսքը, Արա Ղազարյանը պատասխանեց, որ որոշում պետք է լիներ դատավարության կողմ հանդիսացող անձանց նկատմամբ, օրինակ՝ եթե լրատվամիջոցը երրորդ կողմ է. «Հնարավոր չէ լրագրողին ասել՝ մի լուսաբանի: Կա՛մ դռնփակ արեք, կա՛մ եթե դռնբաց եք արել, ապա լրագրողը պետք է իրավունք ունենա լուսաբանել: Այստեղ խնդիրը այն է, թե ինչպես լուսաբանել՝ տեսանկարահանելով լուսաբանել, թե առանց տեսանկարահանելու, առանց տեսաձայնագրման, միայն իր լսածը մտովի վերարտադրելով: Բայց ամբողջությամբ արգելել լուսաբանել … գիտե՞ք արտակարգ ռեժիմ չի հայտարարված Երեւանում, որպեսզի թույլ չտան, որպեսզի դռնբաց դատական նիստը լուսաբանվի: Դա շատ անհամաչափ մոտեցում է, նամանավանդ, կրկնում եմ, որ լրագրողը չի տեսանկարահանել եւ չի լուսանկարահանել, որը առավել միջամտող բնույթի գործողություն է:

Հիմա դա նշանակում է՝ ես եկա դատական նիստին ներկա գտնվեցի ու գնացի «Ֆեյսբուքում» գրեցի այդ ամբողջը, դա էլ է լուսաբանել, ի՞նչ տարբերություն: Տարբերություն չկա, մենք արդեն մտել ենք քաղաքացիական լրագրության դաշտ, երբ ամեն մի քաղաքացի ինքը նաեւ լրագրող է, լրագրողը այդ հնարավորություններն ունի: Եթե մտահոգություն ունեք, ուրեմն՝ դռնփակ դատական նիստի անցեք ու վերջ»:

Այս խնդրի շուրջ Aravot.am-ը զրուցեց նաեւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Վերջինս կատարվածը համարում է լրագրողի գործունեության սահմանափակում. «Կարծում եմ, որ դատավորը իր լիազորությունները չարաշահել է: Ըստ երեւույթին, ինքը լավ ծանոթ չէ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջներին: Էլ չեմ ասում, որ մարդկանց տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքն է խախտվում, իսկ մարդիկ կարող են տեղեկացված լինել լրագրողի եւ լրատվամիջոցի հրապարակումներից:

Այս արգելքն անընդունելի է, մանավանդ, այն առումով, որ այդ դատական գործը վերաբերվում է հանրային հնչեղություն ունեցող խնդրին, այն է՝ ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումներին: Այնպես որ այս տեսանկյունից նույնպես դատավորի որոշումն անընդունելի է: Եվ կարծում եմ, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս դեպքը կներառի իր հերթական զեկույցի մեջ՝ որպես լրագրողի, լրատվամիջոցի իրավունքի սահմանափակում, որպես դատավորի կողմից թույլ տված լիազորությունների չարաշահում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930