Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «Պահանջեք, որ ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի համար վճարի» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2016 15:30

«Որպես ՀՀ քաղաքացիներ` պետք է համապետական սգո օր հռչակենք: Այդ բանից հետո պետք է հստակ ներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, որը պետք է լինի բոլորինս»,-կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Տեսնում ենք, որ պատերազմի օրերին ՀՀ քաղաքացիները չունենալով պատերազմ գնալու օրակարգ, մասնակցեցին դրան ինքնակազմակերպման շնորհիվ: Եկել է պահը ինքնակազմակերպվելու նաեւ այլ տիրույթներում: Թաքնված պատերազմ է այսօր, իսկ մենք նորից որդեգրել ենք պաշտպանողական դիրքորոշում` հարձակողականի փոխարեն»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի որպես լիիրավ կողմ. «Երկչոտությամբ չի կարելի այդ մասին ասել եւ հայտարարել, թե մենք կճանաչենք ԼՂՀ անկախությունը, եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ: Այդպես չի կարող լինել: Եթե չենք ճանաչում, ԼՂՀ-ն չի կարող բանակցային կողմ լինել»:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը Փոստանջյանը բնորոշեց որպես ճգնաժամային. «Եթե Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա նրա նման վարքագիծն անթույլատրելի է: Ռոգոզինի հայտարարությունը, թե շարունակելու են Ադրբեջանին զենք վաճառել, մեր կողմից բացասական պետք է գնահատվի: ՀՀ-ում ռուսական զորքեր եւ բազա է տեղակայված, որոնք արտոնյալ պայմաններով են գործում: Մենք ենք պահում այդ զորքերին: Պետք է պահանջենք, որ ռազմաբազան ունենա իր գինը` շոշափելի դրամական տեսքով»:

Պատգամավորը փաստեց, որ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ տվեց միջազգային նորմերի խախտումներ` ագրեսիա, խաղաղ բնակչության նկատմամբ խոշտանգումներ, սպանություններ. «Կան ներքին տեղահանվածներ` Թալիշից եւ Մատաղիսից: Ադրբեջանի պատճառով է դա եղել: Բնակչությունը տուժել է նաեւ գույքի տեսանկյունից: Ռմբակոծությունից հետո ապրելու հնարավորություն չկա: Մեր զինվորների մարմինները վերադարձրել են խոշտանգված վիճակում,  ինչը եւս խոսում է ծանր հանցագործության մասին: Այս փաստերը պետք է ագրեսիվ կերպով բանեցնել միջազգային հարթակներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930