Ապրիլի 13-ին «Հայելի» ակումբը հյուրընկալել էր երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանին: «Հենց պատուհաս է լինում, նոր են ինձ հիշում, հիմա ինձ որպես մտավորական ե՞ք կանչել, թե՞ որպես երգիչ»,- ասուլիսից առաջ հեգնեց Ռուբեն Հախվերդյանը: Ապա զանգահարեց Մարտակերտում գտնվող իր ազատամարտիկ ընկերոջը՝ Վարդան Գեւորգյանին, որը հեռախոսով ասաց. «Բավական է պեչենի ու կոնֆետ ուղարկեք, «տեպլավիզոր» եւ «նաչնոյե վիդենյե» ուղարկեք դրա տեղը»: Հախվերդյանն էլ իր հերթին կոչ արեց, իր ձեւակերպմամբ, օլիգարխիկներին՝ ձեր դղյակները ծախեք, զենք ուղարկեք:
Հախվերդյանը անդրադարձավ երկու նախագահներին, շեշտեց, որ միլիոններ են դիզել ու հարց ուղղեց՝ ո՞րտեղից, դուք աշխատավարձով ապրող մարդիկ եք: «Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել, փողերը վերցնել: Նրանցից շատերը Քրեական օրենսգրքով պետք է պատասխան տան»,-ասաց Հախվերդյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուբեն Հախվերդյանի խոսքով, նրանք միշտ էլ հավատարիմ են մնացել «Հայաստանը առանց հայերի» սկզբունքին. «Ռուսները բոլորովին չէին սպասում, որ սենց հակահարված կլինի, ռուսների համար միեւնույն էր, այդպես ինչպես Լեբեդը երեք օր ուշացումով մտավ Բաքու, թող իրենք իրենց ուկրաինական ֆրոնտի մասին մտածեն…Կամ կաթողիկոսը կապ ունի՞ էս պետության հետ, թե՞ մենակ Աստծուն է հավատում: Իսկ Կիրիլ պատրիարքի լկտիությունը այն աստիճանի է հասել, որ Թուրքիայում հայտարարում էր, որ փոքրամասնություններին չեն ճնշում, այ Կիրիլ ջան, ախր գիտենք, որ մինիմում ԿԳԲ-ի գեներալ ես, իսկ մեր կաթողիկոսը ըմբռնումով ա էս բաներին վերաբերվում, առհասարակ լուռումունջ ա…Ասա գոնե էդ եկեղեցիների փողը տանկի ու սամալյոտի տան: Անձամբ ես հավատում եմ Աստծուն, բայց իրենք յոթը պորտով անեծքի տակ են… Հիմա մենք թուրքերի դեմ ենք կռվում, բա ներքին թուրքի դեմ ո՞վ է հերոսական պայքար մղելու»:
Ինչ վերաբերում է անձնուրաց կռվելուն, Ռուբեն Հախվերդյանի ձեւակերպմամբ. «Միշտ էլ էդպես է եղել, Սարդարապատն էլ է այդպես եղել, ճակատագրական պահին համախմբվում են, էս հանրապետությունը ստեղծվել է արյան գնով, ո՞վ չի հիշում՝ արեւմտահայությանը բերեցին լցրին Երեւան, գիտեմ ով է եղել Ռուբեն Տեր-Մինասյանը, այստեղ մաքրազարդում է եղել իսլամական փոքրամասնության»:
Երգահանը շեշտում է, որ բոլոր երեք կառավարությունների ժամանակ էլ ահռելի փող է գողացվել. «Սա անարդար պետություն է, Սահմանադրական դատարանը կարող է անել այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը, գլխավոր գյուղատնտեսն էլ է ինքը, մնացածն էլ, ուզենա ռեկտոր կնշանակի, կուզենա կհանի: Ախր մշակույթը մեր ինքնապաշտպանական շերտն է, լեզուն: Ցավոք, առաջին նախագահը «Ռանչպարների կանչը» կարդացել-լավ չէր հասկացել, վերջին երկու նախագահները ընդհանրապես չեն կարդացել, բա կազինոներում ովքե՞ր նստեն, դեպուտատներ բաներ, արտասահմանում տներ առնեն: Լավ կլինի գա մի իսկական գեներալ, ԿԳԲ-ին ասի՝ տվյալները տուր, փողերը պետք է հետ տան բոլորը, արյուն կթափվի, ես ասում եմ գեներալ բառիս բուն իմաստով: Ես Խաչատուրովի մասին չեմ ասում, որի օրոք մարտի 1 եղավ, իսկ նրանից առաջվանը հրաժարական տվեց, ասեց՝ զորքերը չեմ մտցնի: Մենակ ադրբեջանցինե՞րն են, ախր մեր միջի թուրքն էլ կա, չէ՞»:
Կուսակցություններին էլ անդրադարձ եղավ: « Էդ դաշնակներն ու հանրապետականները ոնց որ պսակված լինեն իրար հետ, մի վախտ ՀՀՇ-ն էր, հետո դարձավ ՀՀԿ-ական, բայց ինչպես ռուսն է ասում՝ աղբը միշտ ջրի վրա է, Հանրապետական կուսակցությունը հարմարվողական կուսակցություն է, այստեղի դաշնակցությունը՝ նույնպես»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ