Հայաստանը տնտեսական տեսանկյունից բավականին լուրջ անելիքներ ունի. առաջին հերթին կայուն, ռիթմիկ գործող տնտեսության առկայությունն է: Այսօր այս կոչով սկսեց ասուլիսը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Ամեն օր կորցնում ենք Հայաստանն ուժեղ տնտեսական պետության վերածելու լրջագույն հնարավորությունները, քաղաքական ու տնտեսական կշիռը տարածաշրջանում մեծացնելու հնարավորությունները: ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանն արդեն պետք է գրաված լիներ իր տեղը: Հայաստանն այսօր այդ հնարավորությունն ունի ավելի շատ, քան նախկինում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսվեցին այն ճյուղերից, որտեղ կախվածություն կար, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տեղեկատվական տեխնոլոգիաներով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանը կարող է կարևոր տեղ զբաղեցնել՝ ծրագրային ապահովմամբ, զենք ու զինամթերքի արտադրության համատեղ ձեռնարկությունների գծով, որոնք կարող են առաջին հերթին Հայաստանում տեղակայվել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տնտեսագետը:
Պարոն Մանասերյանը դժգոհեց, որ Հայաստանը չի օգտագործում սփյուռքի մասնագիտական կարողությունները. «Սփյուռքի կամ այլ նախարարություններ անգամ չեն գիտակցում, թե ինչ ահռելի մասնագիտական ներուժ կա, որը դրամահավաքից բազմապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելին է: Պատշաճ վերաբերմունքի դեպքում կարող ենք մեր հայրենակիցներին ներգրավել»:
Ըստ նրա, պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է, Թուրքիան փորձում է ոչ թե ուղղակիորեն հենց ՌԴ-ից, այլ նրա դաշնակիցներից ստանալ իր կորուստների պարտքը. «Դա կոտրվում է մեր պետության վրա»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը նաեւ ասաց, որ Հայաստանն այլ պետություններից ակնկալիքներ չպետք է ունենա, փոխարենն իր շահերը պետք է գիտակցի: Ըստ նրա՝ ՌԴ-ից Հայաստանի ակնկալիքները նույնպես խիստ գունազարդված են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ