Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Վեներա Թորոսյանը ընդունեց մեղադրանքը

Ապրիլ 13,2016 14:06

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Վեներա Թորոսյանի գործի քննությունը:

Հիշեցնենք, որ դատարանը արգելել էր նիստի լուսաբանումը, չնայած այն հանգամանքին, որ նիստը դռնբաց էր:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Արմինե Ֆանյանը միջնորդեց, որպեսզի կիրառվի դատական քննության արագացված կարգ: Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց, որպեսզի մեղադրողը հրապարակի մեղադրական եզրակացությունը:

Ըստ մեղադրական եզրակացության, Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Ամբաստանյալը ընդունեց մեղքը եւ պնդեց, որպեսզի դատական քննության արագացված կարգ կիրառվի: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատաքննությունը ավարտվեց, մեղադրական ճառին նախապատրաստվելու համար մեղադրող Խաչատրյանը խնդրեց հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930