Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արգելեց ընտրակեղծարարության գործով դռնբաց դատական նիստի լուսաբանումը

Ապրիլ 13,2016 14:03

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վեներա Թորոսյանի գործի քննությունը: Մինչ դատական նիստը սկսելը դատավոր Նելլի Բաղդասարյանը Aravot.am-ի լրագրողին տեղեկացրեց, որ Վեներա Թորոսյանը չի ցանկանում, որ դատական նիստը տեսանկարահանվի:

Այնուհետեւ Վեներա Թորոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում, որ դատական նիստն ընդհանրապես լուսաբանվի: Դատավոր Նելլի Բաղդասարյանը դիմեց Aravot.am-ի թղթակցին, վերջինս էլ պատասխանեց, որ կատարված դեպքը հանրային հետաքրքրության առարկա է եւ դռնբաց դատական նիստ է ընթանում: Նելլի Բաղդասարյանը պատասխանեց, որ այստեղ անձի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության խնդիր է առկա, եւ դատարանը Սահմանադրությամբ իրավունք ունի չթույլատրել լուսաբանել դատական նիստը:

Երբ Аravot.am-ի լրագրողը նշեց, որ նման դեպքերում նախատեսված է դռնփակ դատական նիստ անցկացնել, իսկ այս դեպքում ոչինչ չի խանգարում լրագրողին ներկա գտնվել դատական նիստին եւ հետագայում լուսաբանել դա, դատավորը նկատեց, որ դատարանն է որոշում կայացնում: Իսկ Վեներա Թորոսյանի փաստաբան Արմինե Ֆանյանը սպառնաց Aravot.am-ի լրագրողին, որ եթե իր պաշտպանյալի անունը հայտնվի որեւէ հրապարակման մեջ, ապա լրատվամիջոցը խնդիրներ կունենա:

Արդեն դատական նիստի ընթացքում Նելլի Բաղդասարյանը կողմերին տեղեկացրեց, որ դահլիճում ներկա է Aravot.am-ի լրագրողը: Վեներա Թորոսյանը եւ նրա փաստաբանը դատարանին հայտարարեցին, որ դեմ են, որպեսզի դատական նիստը լուսաբանվի:

Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը եւ որոշեց արգելել դատական նիստի լուսաբանումը եւ ձայնագրառումը՝ հղում կատարելով անձի անձեռնմխելիության եւ անձնական իրավունքների գաղտնիության իրավունքներին:

Փաստաբանը հետաքրքրվեց՝ «Եթե որոշումը չկատարվի՞»: Նելլի Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ դեպքում կորոշեն ինչ անել:

Հիշեցնենք՝ Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը եւ որոշեց արգելել դատական նիստի լուսաբանումը եւ ձայնագրառումը … ==
    Տվյալ դեպքում Դատարանն անշուշտ իր գլխից էլ վեր, սակայն լրագրողն էլ իր հերթին պարտավոր էր պաշտպանել իր տարրական իրավունքները: Ի՞նչ է, չգիտե՞ք ում հետ գործ ունեք…

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
    Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
    Հոդված 114. Կարգը դատական նիստում
    …………………………………………………………………………………..
    3. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:
    …………………………………………………………………………………..
    Դատարանները սովորաբար յուրայիններին չեն դատում, սակայն երբ քաղաքացիներն իրենց ակտիվությամբ պարտադրում են այդ անել, ձգտում են իրականացնել հնարավորինս անաղմուկ և յուրային հանցագործների վերաբերյալ առանց ՛՛ավելորդ տեղեկատվական հոսքերի՛՛ դատական ծածկադմփոցներ:

  2. Մեսրոպ Հարությունյան says:

    Կարծում եմ «Առավոտը» պետք է դիմի ՀՀ Արդարադատության խորհրդին՝ այդ դատավորին ակնհայտ ապօրինի որոշման համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:
    Որովհետեւ, նախ՝ դատավորը կարող է կողմերի պահանջով թույլ չտալ նկարահանել, բայց լուսաբանումն արգելելը հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առնվազն երկու հետեւյալ կետերին.

    Հոդված 4. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները

    1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա:

    3. Արգելվում է՝

    2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ.

    3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.

    Այս դատավորը պետք է պատժվի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930