«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համոզմամբ, քառօրյա պատերազմական գործողություններին պետք է հաջորդեին ԱԳՆ-ի դիվանագիտական նոտաները՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, միջազգային այն բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են մարդկանց խոշտանգումների ուսումնասիրությամբ: Այսօր «Փաստարկ» ակումբում տիկին Սեդրակյանը զարմանք հայտնեց. «Ե՞րբ են զբաղվելու զինվորների խոշտանգումների միջազգայնացմամբ: Դա կարող է կանխել հետագա գործողությունները»:
Տիկին Սեդրակյանի խոսքով, դիվանագիտական քայլերից բացի, անհրաժեշտ էր նաեւ սպառազինել բանակը.
«Հայաստանում ներկա իրավիճակում կան բազմաթիվ փողեր, որոնք պտտվում են կոռուպցիոն դաշտում: Այն բոլոր մարդիկ, ովքեր կոռուպցիոն դաշտում օգտագործում են այդ գումարները, ժամանակն է, որ դնեն հայկական բանակի զինմանը: Հայաստանում պետք է սկսվի ազգային կոնսենսուսը, որը պայմանավորված է տարրական անվտանգության նկատառումով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բանակի վերազինման միակ տնտեսական ռեսուրսը կոռուպցիայի վերացումն է»:
Տիկին Սեդրակյանը նորից կրկնեց, որ ժամանակն է, որ ՌԴ զենքի վաճառքը տնտեսական գործարք համարողները հասարակությանը պատասխան տան: Նա նաեւ հավելեց. «Այդ տնտեսական վաճառքի մեջ երեւաց, որ մրցունակ չէ այդ զենքը, որոշակի պարամետրեր չեն համապատասխանում ներկայումս պատերազմի ստրատեգիական հնարավորություններին: Բոլոր այն պայմանագրերը, որոնք իբր գործում էին դաշնակցային ստանդարտներում, աշխատում են Հայաստանին ի վնաս: Կարելի է չօգնել նույնիսկ զենքով, չօգնել զինվորական ուժով, բայց ռազմական տեղեկատվության կիսումը դաշնակցային պարտադիր պարտավորություն է»:
Կարդացեք նաև
Տիկին Սեդրակյանը չշրջանցեց նաեւ Եվրազեսի շրջանակներում Երեւանում նախատեսված նիստը Մոսկվա տեղափոխելուն. «Հայաստանում կատարվելիք Եվրազեսի նիստը թեկուզ ֆորմալ կարող էր աջակցել ՀՀ միջազգային ստատուսի ընդլայնմանը, նույնիսկ այդ նիստը տեղի չի ունեցել: Ռազմական վտանգ չկա Երեւանում, կարելի էր պնդել, որ անպայման տեղի ունենա նիստն այստեղ, բայց մենք մեկնեցինք Մոսկվա: Բոլոր դեպքերում, եթե չենք պնդել, որ նիստը տեղի ունենար այստեղ, ապա գնալ-չգնալն այլեւս նշանակություն չունի: Այդ նիստին ցանկալի էր, որ գնար մի մարդ, որ կարողանա իր դիրքորոշումն արտահայտել, առավել կոնստրուկտիվ ձեւով:
Չեմ կարծում, որ Եվրազեսի նիստում կունենանք ամպագոռգոռ հայտարարություն, ամեն ինչ գնալու է այնպես, ինչպես գնալու է, ու շատ մարդիկ հասկանալու են, որ մեզ հետ կարելի է հաշվի չնստել: 1994 թվականի զինադադարից հետո միջազգային տարածաշրջանում ՀՀ-ն ժողովրդավարության օրրան էր ընկալվում, մի պետություն, որի հետ կարելի է հաշվի նստել: Ներկա պարագայում այդպիսի բացահայտ քաղաքական անտեսանքից հետո ՀՀ-ն շատ երկար ու շատ տքնաջան աշխատանք պետք է անի, որ հետ բերի ռազմական հաղթանակների, միջազգային վարկանիշի ու ներքին վստահության ներուժը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ