«Ծայրահեղ գնահատականներ պետք չի տալ, բայց շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա»,- «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին`օլիգարխների շքեղ դղյակների եւ այլ հարստությունների գնով որքա՞ն զինտեխնիկա կարող ենք ձեռք բերել, մանավանդ, վերջին շրջանում բավական վերլուծություններ եւ հաշվարկներ եղան այդ առիթով:
«Բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր պետք է լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել, չպետք է թույլ տանք եւ այդ միջոցները պետք է ուղղենք սահմանապահ գոտիներ, բանակին, տնտեսության զարգացմանը: Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության, որովհետև զգացմունքայնությունը խանգարելու է»,- ասաց նա:
Գերմանիայում արած նախագահ Սարգսյանի հայտարարությունը, որ մեր զինվորները հիմնականում 1980-ականների զենքով են կռվում, ԱԺ փոխնախագահը համարում է «ուղերձ» աշխարհին, մանավանդ Ադրբեջանին, որ «դու միլիարդավոր դոլարով զենք ես գնում, բայց մեր զինվորը 80-ականների զենքով կարող է քեզ գերազանցել»:
Հարցին`ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հայտարարություններն ու քայլերը պատճառ են դարձել հակառուսական կոշտ գնահատականների, արդյոք դրանք ազդեցություն կարո՞ղ են ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց`չի կարծում, որ կտրուկ քայլերի գնալը ճիշտ է:
Կարդացեք նաև
«Բնականաբար զգացմունքային գնահատականները հասարակության կողմից ընկալելի են, ունենք զոհեր, դրա մասին խոսել ենք, բայց պետք չէ ավելորդ զգացմունքայնությամբ մեր օրակարգը ներկայացնենք դաշնակիցներին: Բարի քեռիներ էս աշխարհում չկան և ամեն երկիր ունի իր շահերը: Մենք դաշնակցային հարաբերություներում առաջնորդվում ենք մեր շահերով: Նախագահն էլ ասաց` ի տարբերություն Ադրբեջանի, որը Թուրքիայի նման երկրի հովանավորությունն ունի, մեր հովանավորը մեր բանակն ու ժողովուրդն են: Ես էլ ավելացնում եմ`նաեւ Աստված է»,-ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը պետք է շատ հարցերում վերանայի իր գործողություները, բայց, օրինակ, դուրս գալ ԵՏՄ-ից, կամ ՀԱՊԿ-ից սխալ կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ