Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Սա կրոնական պատերազմ չէ»

Ապրիլ 13,2016 13:01

«Հակամարտության ամենասկզբից Թուրքիան եւ քաղաքական, եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում անդրադառնալով չորսօրյա պատերազմին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա վրդովված է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի երեկ արած այն հայտարարությունից, որով ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը փորձ է արվում կրոնական բնույթ տալ: Չավուշօղլուն, հիշեցնենք, իսլամական պետություններին համերաշխության կոչ էր արել:

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ երբ Ալիեւն էր նման փորձեր անում, հայկական կողմն ահազանգում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեր եվրոպացի գործընկերներն անտեսում էին դրանք: Այժմ նա կարծում է, որ եվրոպական, ամերիկյան ու ռուսական քաղաքականությունը պետք է շատ զգույշ լինեն, գիտակցեն ողջ լրջությունը, այլապես բավական վտանգավոր զարգացումներ կլինեն:

Էդուարդ Շարմազանովին վրդովվեցնում է նաեւ այն, որ այսքանից հետո Հայաստանում գտնվել են որոշ քաղաքագետներ ու գործիչներ, որոնք Թուրքիային արդարացնում են: «Թուրքը էտ երբվանի՞ց դարձավ Հայաստանի բարեկամը: 100 տարի առաջ մենք այս սխալը կատարել ենք: Ես հակաթուրք չեմ, բայց մենք երկրորդ սխալն իրավունք չունենք անելու»,-ասաց նա`հավելելով, որ սա կրոնական հակամարտություն չէ արաբական աշխարհի հետ, Իրանի հետ, սա թուրքական գործոն է և այս պանթուրքիստական գործոնը չպետք է նույնացնել մահմեդականության հետ, իսլամական աշխարհի երկրները, որոնց հետ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի, չպետք է տրվեն այս սադրանքներին:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի բյուջեի ձեւավորման մեջ Թուրքիան լուրջ մասնաբաժին ունի, որն այս տարի դարձյալ ավելացրել է, իսկ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Արցախի մասին հարց է մտցվել օրակարգ եւ հարցին`ունի՞ Հայաստանը Թուրքիայի դեմ պայքարելու հնարավորություններ, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ Հայաստանը ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ պետք է պայքարի, այլ հանուն ՀՀ-ի շահի:

«Նոր չէ, որ Թուրքիան բոլոր հարթակներում օժանդակում է Ադրբեջանին: Մենք պետք է համախմբվենք`բոլոր քաղաքական ուժերով եւ առանց զգացմունքների քաղաքականություն իրականացնենք: Մենք չպետք է արձագանքողի դերում լինենք, այլ նախաձեռնողի: Բոլոր եվրոպական հարթակներում պետք է ներկայացնենք այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել է Ադրբեջանը`նաեւ ընդդեմ քաղաքացիական բնակչության: Ժնեւյան կոնվենցիայի կոպիտ խախտումները փաստերով պիտի ներկայացնենք»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930