Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ օգնության բժշկուհի. «Ամեն մի զինվորի մահը համաժողովրդական կորուստ է»

Ապրիլ 13,2016 12:54

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած նենգ պատերազմում հերոսացած հայ զինվորների հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամների կողքին պարտադիր հերթապահում են շտապ օգնության բուժանձնակազմերը:

Aravot.am-ը զրուցեց բժշկուհի Աննա Գաբրիելյանի հետ:

«Անհնար է նկարագրել զավակ, ամուսին, եղբայր կորցրած ընտանիքների ցավը: Բայց ինձ ապշեցնում է նրանց՝ ողբերգությունը հոգում արժանապատիվ կրելու տոկունությունը: Ես բժիշկ եմ ու պայքարում եմ մահերի դեմ:

Ոչ մի բժիշկ, ոչ մի հայ ծնող, ամբողջ հայ ժողովուրդը պատերազմ չի սիրում եւ երիտասարդների մահ չի ուզում: Մենք ուզում ենք խաղաղ ապրել: Այն աստիճան ենք ուզում, որ որպես կանոն անմիջապես չենք պատասխանում մեր հանդեպ իրականացվող ագրեսիաներին, ոտնձգություններին ու բռնություններին: Բայց դրան էլ չափ ու սահման կա: Եվ երբ թշնամին կապը կտրում է, արժանի հակահարված ենք տալիս՝ նրան իր իսկական տեղը դնելով: Դա հարկադրված պատասխան է, ինչը գերազանց է կատարում հայ 18-20 տարեկան երիտասարդը: Ցավոք, նաեւ իր կյանքի գնով:

Ես հպարտանում եմ հայ զինվորով, խոնարհվում նրան լույս աշխարհ բերած ծնողների առջեւ: Ալիեւի համար իր զինվորի կյանքը գրոշի գին անգամ չունի: Դրա համար էլ ամեն մի նոր սադրանքի ժամանակ հարյուրավոր զոհեր տալուց հետո էլ խելքի չի գալիս:

Իսկ մեզ համար ամեն մի զինվորը մարդկային կյանք է, ամեն մի զոհը՝ անդառնալի համաժողովրդական կորուստ: Ուզում եմ, որ պատերազմներն ընդմիշտ ավարտվեն, որ ամեն մի զինվոր հայրենիքի առջեւ իր սուրբ պարտքը կատարելուց հետո ողջ ու առողջ տուն վերադառնա», – ասաց բժշկուհի Աննա Գաբրիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930